ՌԴ բուհերում սովորող արտասահմանցի ուսանողներն այսուհետ կկարողանան աշխատանքի տեղավորվել առանց հատուկ թույլտվության

22:36 • 10.02.20

ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանում սովորող արտասահմանցի ուսանողները կկարողանան աշխատանք գտնել առանց հատուկ թույլտվության: 

Ինչպես փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան», նախարարի խոսքով՝ համապատասխան օրենքը, որն ընդունվել է փետրվարի 6-ին, շուտով ուժի մեջ կմտնի:

«Դա թույլ կտա արտասահմանցի ուսանողներին աշխատել առանց թույլտվություն ստանալու: Եթե առաջ կային որոշակի սահմանափակումներ, ապա դրանք այժմ չկան»,- ասել է ռուս նախարարը:

Ֆալկովն ընդգծել է, որ ռուսական բուհերում առկա բյուջետային տեղերն արտասահմանցի ուսանողների համար տարեցտարի ավելանում են: Մոսկվա-Երևան-Բիշքեկ տեսակամրջի ժամանակ նա հավելել է, որ ռուսական բուհերում այժմ սովորում են Հայաստանի 2674 քաղաքացի, որոնցից 741-ը՝ բյուջեի հաշվին: