Եթե ընդդիմությունը «Ոչ»-ի ճամբար չձևավորի, ապա իշխանությունները ձևական ճամբար չեն ստեղծի․ Հովիկ Աղազարյան

13:11 • 11.02.20

Մեր մարդկային և քաղաքական պոտենցիալը բավարար է, որպեսզի մենք ժողովրդին ճիշտ  ներկայանանք ու ներկայացնենք. համոզված եմ, որ կունենանք անհրաժեշտ վստահության քվե: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Եթե հանկարծ անհրաժեշտ ձայները չհավաքենք, ապա Սահմանադրության մեջ փոփոխություն չի իրականացվի: «Ոչ»-ի ճամբար կարող է չստեղծվել, միայն մի նկատառումից ելնելով, որպեսզի քվորումի խնդիր առաջանա, որովհետև եթե ընտրողների մեկ քառորդը չգնա ընտրության, ապա հանրաքվեն չի կայանա, հետևաբար, տակտիկական նկատառումներից ելնելով՝ մեր քաղաքական հակառակորդները հնարավոր է չկազմակերպեն մյուս տեսակետի շուրջ ճամբար: Եթե ընդդիմությունը «Ոչ»–ի ճամբար չձևավորի, ապա իշխանությունները ձևական ճամբար չեն ստեղծի»,- ասաց պատգամավորը:

Աղազարյանի խոսքով, եթե լինի «Ոչ»-ի ճամբար և ընդդիմադիրները քարոզչություն իրականացնեն, բերեն հիմնավորումներ, որ իրենց տեսակետը ճիշտ չէ, ապա բնականաբար, իրենք կհակադարձեն և կհիմնավորեն սեփական տեսակետը:

«Իշխանությունն արդեն հստակ թիրախ ունի: Նպատակ է դրված, որպեսզի Սահմանադրության մեջ փոփոխություն մտցվի, որի համար հայցում է ժողովրդի աջակցությունը: Կարիք չկա քաղաքական դաշտը բաժանել 2 ճամբարների: Ինձ համար հետաքրքիր կլինի, թե ինչ կեցվածք կընդունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս քարոզարշավի ժամանակ, կամ նույն «Լուսավոր Հայաստանը»: Չնայած վերջինս հայտարարել է, որ չի մասնակցի: Բոլոր դեպքերում, չմասնակցելը, ևս դիրքորոշում է»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում