«Շենգավիթի 21 մանկապարտեզների տնօրենները հրավիրվել են վարչական շրջանի շենք և այնտեղ «Օղակ» օպերացիան է կազմակերպվել»․ ավագանու անդամը՝ քաղաքապետին

20:22 • 11.02.20

Ձեր թիմում ողջունեցին՝ բռնել երեխաների հաց ուտողներին, այս մարդկանց պարսավանքի ենթարկեցին սոցիալական ցանցերում։ Այո, ես համաձայն եմ, ես չեմ բացառում, որ կարող են այսպիսի դրսևորումներ լինեն մանկապարտեզներում, բայց կան ավելի կարևոր իրավական գործընթացներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի ավագանու նիստին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը։

«Շենգավիթ վարչական շրջանների 21 մանկապարտեզների տնօրենները հրավիրվել են վարչական շրջանի շենք և այնտեղ «Օղակ» օպերացիան է կազմակերպվել։ Այսպես դետեկտիվ ժանրում տնօրենների ստորացման ակտ է կազմակերպվել։ Դրա արդյունքում և մարդկանց անմեղության կանխավարկածի խնդիրներ առաջացան, հատկապես այս մարդկանցից որևէ մեկը քրգործով չի անցնում, այդ պարագայում «միլիցա» բերել տնօրենների վրա չգիտեմ բարոյական և իրավական և բոլոր կողմերով անընկալելի է։ Ձեր թիմում շատերը ողջունեցին՝ բռնել երեխաների հաց ուտողներին,  այս մարդկանց պարսավանքի ենթարկեցին սոցիալական ցանցերում։ Այո, ես համաձայն եմ, ես չեմ բացառում, որ կարող են այսպիսի դրսևորումներ լինեն մանկապարտեզներում, բայց կան ավելի կարևոր իրավական գործընթացներ»,-ասաց Առաքելյանը։

Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ պարբերաբար մանկապարտեզներում սննդի հետ կապված ինչ-որ խնդիրներ են առաջանում, բնականաբար վարչական շրջանները փորձում են մաքսիմալը անել, որ երեխաներին հասնի որակյալ սնունդ: «Ճիշտ չափաբաժիններով, սա գերնպատակն է, իսկ թե ինչպես դա անել, ամեն վարչական շրջանի ղեկավար յուրովի է դա անում։ Կարծում եմ՝ քաղաքապետարանը պետք է սպառի բոլոր միջոցները, այնուհետև դիմել է այլ գերատեսչություններին։ Այստեղ կար մի հանգամանք, որ քաղաքապետարանը այս էքսպերտիզան չէր կարող անել, դրա համար էլ կարծում եմ վարչական շրջանի ղեկավարը դիմել է այլ գերատեսչության»։

Իր հերթին Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը նշեց՝ ուսումնասիրությունների արդյունքում հիմնավոր կասկածներ են ունեցել մանկապարտեզների գրանցամատայանների վերափոխումների հետ կապված, որի մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանությանը, խնդրել ուսումնասիրություն իրականացնել:

«Ես բնավ չեմ մտածում, որ մանկապարտեզների տնօրենները հանցագործներ են, ես կարծում եմ, որ պետք է ուսումնասիրություն իրականացնել և իրավական գնահատական տալ։ Մենք հանդիպումն ուղղակիորեն անցկացրել ենք մեր վարչական շենքում, հաշվի առնելով որ ոստիկանության 5 աշխատակիցները պատրաստվել էին մատյաններն վերցնել ուսումնասիրության, ես լիազորված չեմ պատասխանել, թե իրենք ինչու են եկել, այդ ձևաչափով աշխատել»,- ասել է Մկրտչյանը։