Ճապոնիայում սկսել են Diamond Princess կրուիզային նավից դուրս բերել տարեց և քրոնիկ հիվանդություններով մարդկանց
Ճապոնիայի իշխանությունները սկսել են կորոնավիրուսի պատճառով երկրի ջրերում կարանտինային գոտում գտնվող Diamond Princess կրուիզային նավից դուրս բերել տարեց և քրոնիկ հիվանդություններով մարդկանց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ճապոնիայում հաստատվել է կորոնավիրուսի նոր տեսակով վարակման 161 դեպք: Նրանցից 135-ը Diamond Princess կրուիզային նավի ուղևորներն ու անձնակազմի անդամներն են:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 10-ի դրությամբ նավի վրա գտնվող 3700 մարդուց 1850-ը դիմել են դեղորայք ստանալու համար, այդ թվում` ինսուլին: Ուղևորների կեսից ավելին 70-ն անց մարդիկ են:
Ճապոնիայի ջրերում գտնվող Diamond Princess նավի վրա նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը երկուշաբթի ավելացել էր 60-ով և հասել 130-ի:
Նավի վրա կարանտին է սահմանվել մինչև փետրվարի 19-ը, որը, սակայն, կարող է երկարաձգվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ճապոնիայի առողջապահության նախարար Կացունոբու Կատոն, նախքան Diamond Princess կրուիզային նավի բոլոր ուղևորների և անձնակազմի անդամների ափ իջնելը, Ճապոնիան դիտարկում է նավի վրա գտնվող բոլոր մարդկանցից կորոնավիրուսի թեստ վերցնել: Ավելի վաղ անալիզներ վերցվել են ուղևորների և անձնակազմի միայն մի մասից, որոնց հիվանդությունը կարող էր փոխանցվել նախկինում Հոնկոնգում գտնված և վարակված ուղևորներից: Մնացած մարդիկ ամեն չորս ժամը մեկ չափում են մարմնի ջերմաստիճանը և ախտանշանների հայտնաբերման դեպքում պետք է տեղյակ պահեն նավի վարչակազմին:
Նոր կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդի հայտնաբերումից հետո Diamond Princess կրուիզային նավը Յոկոհամայի նավահանգստում կարանտինային գոտի է տեղափոխվել:










