Պետք չէ, էթիկայի նորմերը խախտելով, սեփական դաստիարակության բացակայությունն ի ցույց դնելով, ծաղրել ժողովրդին, և այդ ծաղրողը ժողովրդի «սրտի նախարարն» է․ Գևորգ Գրիգորյանը՝ տարածված գրիպի մասին

12:09 • 11.02.20

ՀՀ առողջապահության նախարարությունն ուրիշ ժամանակ բարձր ամբիոններից բղավում է, որ ժողովուրդն իր առողջությանը ուշադրություն չի դարձնում, իսկ հիմա, երբ ժողովուրդը բարձրաձայնում է, որ խնդիր կա, նախարարությունն ասում է՝ «դինոզավրի գրիպ է»։

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով գրիպի պատճառով դպրոցներ չհաճախելու թեմային և խնդրի վերաբերյալ Առողջապահության նախարարության քար լությանը:

Գևորգ Գրիգորյանի խոսքով` առաջացած խնդիրն ավելի վաղ է նկատվել: Ըստ նրա` այս շրջանում մի քանի տեսակ վիրուսներ կարող են տարածված լինել, քանի որ նույնիսկ նախարարությունը հաստատեց, որ H1N1 «Խոզի գրիպ» է ախտորոշվել, ինչպես նաև «Կորոնավիրուս» է տարածված, որի առկայությունը Գրիգորյանի կարծիքով` Հայաստանում ևս բացառել պետք չէ:

«Առողջապահության նախարարությունը, որքան էլ փորձի ծածկադմփոց անել, միևնույն է վտանգը կա: Բացի այդ, մենք սեզոնային գրիպ ունենք, որն ըստ օրենքի` չպետք է լիներ, քանի որ նախարարությունը լայնամասշտաբ քարոզչություն է անում գրիպի դեմ պատվաստման վերաբերյալ, սակայն գրիպի պատվաստանյութն ուշ է հասել Հայաստան»,- ասաց նա և հավելեց, որ պատվաստանյութը պետք է ձեռք բերվեր գրիպի սեզիոնն սկսվելուց երկու ամիս շուտ, սակայն ուշ ձեռք բերելու դեպքում, նույնիսկ պատվաստվածները կարող են վտանգված լինել: «Չեմ վարանի ասել, որ գրիպի համաճարակ ունենք»։

Հարցին, թե արդյո՞ք Առողջապահության նախարարությունը սպառնացող վտանգը չի հասկանում, և ինչո՞ւ է լռում՝ Գրիգորյանը նշեց, որ երկու վատ  տարբերակ կա․ «Եթե նրանք չեն հասկանում, նշանակում է իրենց տեղում չեն, եթե նրանք հասկանում են, ապա ճիշտ կլինի՝ ժողովրդի հետ երկխոսության մեջ մտնել, ոչ թե ծաղրել»։

«Պետք չէ, էթիկայի նորմերը խախտելով, և սեփական դաստիարակության բացակայությունն ի ցույց դնելով, ծաղրել ժողովրդին, այն ժողովրդին, որն արդարացիորեն անհանգստանում է իր առողջության համար»,- նշեց բժիշկը և հավելեց, որ ԱՆ կողմից ծաղրանքն ամեն դեպքում հասկանալի է։

«Համարում եմ, որ սա արդար մոտեցում է նախարարության կողմից, քանի որ այդ ծաղրողն իրենց «սրտի նախարարն» է, ժողովրդի «սրտի նախարարն» է, ում նրանք քվե են տվել, իրենք պետք է մտածեն»,- դիտարկեց Գրիգորյանը։

Հարցին, թե արդյոք դպրոցներում մեծ թվերով բացակայությունները ո՛չ ԿԳՄՍ-ին, ո՛չ Առողջապահության նախարարությանը չեն անհանգստացնում, որ քննարկում կամ լուծում չեն գտնում՝ Գրիգորյանը պատասխանեց, որ խնդիրը քննարկելու առիթներ շատ ունեն, կարող էին նաև ՀՀ կառավարության նիստում քննարկել, սակայն իմաստ չկա քննարկելու։

«Ի՞նչը քննարկեն, իրենց սեփական ապիկարությո՞ւնը, սեփական աշխատելու ունակության բացակայությո՞ւնը։ Իրենց բնորոշ չէ ընդունել սեփական սխալներն ու խոնարհրել գլուխները։ Երբ բարձրաձայնում էինք, որ ժողովո՛ւրդ, ավելի կարևոր խնդիրներ կան, քան օրինակ՝ ցածրաճաշակ հակածխախոտային գովազդները, նրանք հերթական ծաղրով էին մոտենում, սարկազմիկ գրառումներ անում, և ժողովուրդը սատարում էր դա։ Մինչև մեր ժողովրդի մաշկին խնդիրը չի հասնում, ժողովուրդը տեղից շարժվել չի կարողանում»,- շեշտեց բժիշկը։