Խնդիր է առաջանալու. ՄԻԱՀ վարակակիրները դառնալու են առանձնացված համայնք. Սոֆյա Հովսեփյանը՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միանալու մասին (տեսանյութ)

18:34 • 11.02.20

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին անդրադարձավ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մի շարք շահառուների խնդրանքին:

«Ինչպես գիտեք, հունվարի 30-ի կառավարության նիստի ժամանակ չզեկուցվող հարցերի շրջանում էր նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միացումը Նորքի ինֆեկցիոն կենտրոնին, որն ընդունվեց կառավարության կողմից։ Դրան հաջորդեց կենտրոնի աշխատակիցների՝ վարչապետին ուղղված բաց նամակը, որում նրանք ահազանգում են, որ հակառակ իրենց բազմաթիվ դիմումների՝ նախարարությունը խուսափել է մասնագիտական գնահատականներից, այդպես էլ չեն գնահատել գործընթացի արդյունավետությունը, հնարավոր խնդիրներն ու ռիսկերը»,-ասաց նա:

Նա նշեց, որ որոշումն ընդունելուց հետո վերջերս իմացել է, որ նախարարության մասնակիցները հանդիպումներ են ունեցել, սակայն որոշում կայացնելուց հետո կարելի էր այդ հանդիպումը չանել։ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ ըստ նախարարության՝ ՁԻԱՀ-ի կենտրոնը միաձուլվում է մեկ ուրիշ պետական բժշկական հաստատության հետ՝ այդ հիվանդության դեմ պայքարի միջազգային առաջարկների շրջանակներում, բայց չտրվեց պարզաբանում, թե որ կառույցի առաջարկն է, ինչ ուսումնասիրություններ է արվել և առհասարակ ինչպիսին պետք է լինեն իրենց ծառայությունները։

«Երեկ նախարարը հանդիպել էր ՄԱԿ-ի ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի պատասխանատուների հետ, որտեղ խորհրդատու Լև Զորաբյանն այսպիսի միտք էր ասել՝ «Բուժումն արդեն պետք է տեղափոխել առաջնային օղակ, այնտեղ, որտեղ կան վարակաբաններ»։ Միայն այս միտքը սարսափեցնում է, զուտ նրա համար, որ առաջնային օղակը համարվում է պոլիկլինիկան և որևէ ՄԻԱՀ վարակակիր, եթե պատկերացնում ենք մեր երկրի կարծրատիպերն ու խնդիրները և տեղեկացվածության բացակայությունը, չի դիմելու պոլիկլինիկաներ, ստանա դեղահաբեր և շարունակի իր բժշկական աջակցությունը։ ՄԻԱՀ վարակակիրները, որ բացի այն, որ իրենց առողջությունը գնալով պետք է խաթարեն, այլև խնդիր է առաջացնելու. դառնալու է իրենց համար զուտ առանձնացված համայնք։ Մենք գնում ենք ներառական քայլերով, բայց ստիպում ենք, որ այս մարդկանց մերժի հասարակությունը կամ իրենք իրենց մերժված զգան»,-ասաց նա: