ԱԺ հայտնի նիստից հետո երկրում տեղի է ունենում ատելության բավականին մեծ գեներացիա, ինքս էլ սպառնալիք եմ ստացել. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

13:24 • 11.02.20

Խորհրդարանի հայտնի նիստից հետո երկրում տեղի է ունենում ատելության բավականին մեծ գեներացիա, որի հետևանքով՝ ես, մեր կուսակցության անդամները, ինձ հարազատ մարդիկ ստանում ենք նամակներ. խոսքը կոնկրետ սպառնալիքի մասին է: Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ես դրա վերաբերյալ գրառում եմ կատարել. որևէ իրավապահ մարմին չի ինձ հետ կապ չի հաստատել՝ հասկանալու համար, թե ի՞նչ սպառնալիքի մասին է խոսքը: Պատկերացրե՛ք, քաղաքական գործիչը հայտարարում է, որ ինքը սպառնալիքներ է ստանում և իրավապահ մարմիններից զրո արձագանք: Այսինքն՝ դա նորմալ է, որովհետև այդ ատելության գեներացիան իշխանությունից է եկել, ինչո՞ւ պետք է իշխանությունն արձագանքի իր գեներացրած ատելությանը, բայց ես հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին»,- ասաց նա:

Մարուքյանն ընդգծեց, որ խնդրել են հրապարակել սպառնալիքի տեքստը. «Հայհոյանքներ կային, չէի ուզում հրապարակել»,- նշեց նա և  հրապարակեց մի փոքր հատված. «Զգուշացնում եմ այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի...»:

Մարուքյանը նշեց, որ գրողը ֆեյք չէ: «Գրողը իրական օգտատեր է և բոլոր տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին: Քաղաքական գործիչը հրապարակային հայտարարում է, որ սպառնալիքներ է ստանում, ոչ մի իրավապահ մարմին չի հետաքրքրվում: Իրենք սպասում են երևի, որ մեկին գնդակահարեն, հետո գնան ասեն՝ տաք հետքերով գտանք գնդհակարվածին, կամ ման եկանք ու չգտանք՝ ով էր գնդակահարել»,- ասաց նա:

Մարուքյանը նաև նշեց, որ ՀՀ կառավարությունն աուդիտ է իրականացնում Վանաձորում և աուդիտի հարցերից մեկը հետևյալն է՝ ովքեր են քաղաքապետարանի ենթակայությամբ կազմակերպություններում ԼՀԿ-ից, և կան արդյո՞ք բողոքներ: «Սա ի՞նչ է ժողովուրդ, ո՞նց նկարագրեմ, հեղափոխությունից հետո սա ի՞նչ է: Հստակ քաղաքական պատվեր է իջեցված՝ ճշտելու Վանաձորի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններում կան արդյո՞ք ԼՀԿ աշխատողներ, իսկ այլ կուսակցության անուն չկա: Պարզաբանումների ենք սպասում, թե դա ի՞նչ աուդիտ է, որտեղ փնտրում են ԼՀԿ ներկայացուցիչներին»,- ասաց նա: