Շիրակի մարզում մարդը մահացել էր և ստիպել էին, որ տանեին դատաբժշկական փորձաքննության, այդ ընտանիքը դիակը վերցրել, գնում էր մարզպետարան. Սոֆյա Հովսեփյան
Ազգային ժողովում, երբ քննարկվում էր «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, թեև այն համարեց լավ նախաձեռնություն, սակայն կարևորեց, որ օրինագիծ առավելագույնս ունենա աջակցող և շտկող հանգամանքներ:
Նա հարց բարձրացվեց, թե նախագծից ինչո՞ւ է հանված պաթանատոմիայի գործունեություն, սահմանված է դատաբժշկական փորձաքննությունը: «Դիցուք, մի գյուղում 98 տարեկան պապիկ գիշերը քնել և առավոտյան չի արթնացել, այս մարդը նույնպես հանկարծամահ է համարվում և այս պապիկի ընտանիքի անդամները պետք է գնա՞ն դատաբժշկական փորձաքննության համար ոստիկանություն, պարզաբանումների և նոր համարվի, որ այս պապիկը, ոչ թե բռնության հետևանքով է մահացել, այլ տարիքային խնդիր է»,-ասաց նա:
Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ դատաբժշկական փորձաքննությունն այնպես է սահմանված, որ առհասարակ ախտաանատոմիական փորձաքննությունն անտեսվում է: «Եթե մենք ուզում ենք դիահերձումներն առհասարակ հանել և ամբողջությամբ տանել դատաբժշկական, ապա շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու, քանի որ անցած տարի դա փորձեց ՀՀ առողջապահության նախարարությունը կամ դատախազությունը, իրենց կամքով անել: Մենք ականատես եղանք նույն Շիրակի մարզում մի դեպքի, երբ մարդը մահացել էր և ստիպել էին տանել դատաբժշկական փորձաքննության, այդ ընտանիքը դիակը վերցրել գնում էր մարզպետարան՝ մարզպետին պատասխանատվության ենթարկելու»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ սրանք լուրջ խնդիրներ են, որոնք չի հասկանում թե ինչպես են, որ տեղ է գտել այսքան լայն հոդվածում: Նա կոչ արեց լսումներ անցկացնել, քանի որ բացթողում կլինի, եթե այսքան լայն օրինագիծ բերվի և բոլոր շահագրգիռ մարմիններին չլսեն:










