«Ատելության դեմ ձևական պայքարում անելիք չունենք». Ա. Կոստանյանը և Ա. Սամսոնյանը դադարեցրեցին իրենց մասնակցությունը Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման աշխատանքային խմբի աշխատանքներին

18:18 • 11.02.20

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումներում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն իրենց ելույթներում ցուցաբերեցին անհանդուրժողականություն և անարգանք բազմակարծության և տարբերվող գաղափարական մոտեցումների նկատմամբ՝ բորբոքելով ատելություն այլախոհության նկատմամբ:

«Քննարկումների վերջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ևս մեկ անգամ միտված էր հանրությանը բաժանել սևերի և սպիտակների, պետական դավաճանների և նվիրյալների, յուրայինների և ոչ յուրայինների՝ սրելով ատելություն այն անձանց նկատմամբ, ովքեր կմտածեն և կգործեն խղճի, մտքի շրջանակներում, չկիսելով իշխանության մոտեցումները:  Պառլամենտում բազմակարծության մերժումը և ատելության խոսքի գերդոզավորումը այնուհետև ՀՀ վարչապետը որակեց պառլամենտական մաստեր-կլաս՝ նպաստելով իր թիմի բարոյահոգեբանական դրական տրամադրվածությանն ատելության և անհամերաշխության նկատմամբ»,-ասաց Անի Սամսոնյանը:

Նա նշեց, որ այս ամենը հաշվի առնելով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը և ինքը դադարեցնում են իրենց մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում, ըստ իրենց,  ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին: «Մենք հայտնում ենք մեր անվստահությունը և համարում ենք, որ ատելության դեմ ձևական և բովանդակությունից զուրկ պայքարում անելիք չունենք»,-ասաց նա: