Եթե Արցախում առանձին ուժեր ընտրական գործընթացներում փորձեն օրենքի շրջանակից դուրս գալ՝ դրա պատասխանը կտրվի. Միքայել Զոլյան (տեսանյութ)
Ադրբեջանի խորհրդարանում ընտրություններից հետո, ընդհանուր առմամբ, որակական փոփոխություն չի եղել, բայց ամեն դեպքում մենք պատրաստ ենք ցանկացած զարգացումների խորհրդարանական դիվանագիտության ոլորտում: Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասաց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ հալվելով, որ Ադրբեջանում խայտառակ ընտրություններ են անցկացվել:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հարցի լուծման հետ կապված Ադրբեջանի դիրքորոշման հնարավոր փոփոխությանը՝ պատգամավորն ասաց.
«Նրանք մոտ 25 տարի նույն բան են հայտարարում, և արդյունքը մենք տեսել ենք: Եթե նրանք պատրաստվում են նույն մոտեցումները կրկնել, հետևաբար արդյունքն էլ նույնը կլին»,-նշեց նա:
Անդրադառանալով Արցախի Հանրապետությունում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններին և վերլուծական շրջանակներում առկա մտահոգություններին, ըստ որոնց դրանք բավականին լարված են անցնելու՝ պատգամավորն ասաց.
«Եթե խոսքը գնում է օրենքի շրջանակում լարված պայքարի մասին, ապա դա միանգամայն նորմալ է և ժողովրդավարության պայմաններում, այդպես էլ պետք է լինի, իսկ եթե առանձին ուժեր փորձեն օրենքի շրջանակներից դուրս գալ, ապա կարծում եմ, որ դրա պատասխանը կտրվի: Այս իմաստով ես համոզված եմ, որ թե՛ Արցախի պետական կառույցները, թե՛ հանրությունը թույլ չեն տա, որպեսզի օրենքի շրջանակից դուրս որևէ զարգացում լինի: Առավել ևս, Հայաստանի Հանրապետությունը միշտ Արցախի կողքին է, և ես չեմ կարծում, որ ինչ-որ անհանգստություններ պետք է լինի»,-ընդգծեց նա:
Դիտարկմանը, թե ԱՀ-ում կան մտահոգություններ՝ կապված Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրություններին միջամտելու հետ, Միքայել Զոլյանն ասաց, որ չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանը միջամտում է Արցախի ընտրական գործընթացին, չի լսել թիմի որևէ անդամից, որ այս կամ այն թեկնածուին են պաշտպանում:
«Պարզ է, որ յուրաքանչյուր թեկնածու կուզենա ստանալ նման աջակցություն և դա բնական է, բայց այդպիսի հայտարարություն, գոնե ես չեմ լսել: Ընդհանուր առմամբ ես Հայաստանի դերը տեսնում եմ՝ որպես արդար, ազատ թափանցիկ ընտրությունների երաշխավոր, չնայած այս հարցում, կրկնեմ, Արցախի հանրությունը և պետական կառույցներն են երաշխավորը»,-ասաց Միքայել Զոլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում










