Ավստրալիայում հուրախություն հրշեջների անձրևներ են տեղում և մարում անտառային հրդեհները

12:58 • 11.02.20

Ավստրալիայում սկսված հորդառատ անձրևները հուրախություն հրշեջների սկսել են մարել երկրում բռնկված անտառային հրդեհները: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:

Նոր Հարավային Ուելսի Սաութերն Հայլենդսի Ռոբերտսոն շրջանում ամենաշատ տեղումներն են գրանցվել: Փետրվարի 5-ից այս շրջանում տեղումների քանակը կազմել է 698 մմ, որից 500 մմ-ը տեղացել է փետրվարի 8-ից մինչև փետրվարի 10-ի առավոտյան 09:00-ն ընկած ժամանակահատվածում:

Սիդնեյում ամենախոնավ շրջանը եղել է Քասլ Քոուվը, որտեղ տեղումների քանակը կազմել է 456 մմ:

Սիդնեյում ընդհանուր տեղումների քանակը կազմել է 391,6 մմ, ինչը 1990 թվականից ի վեր ամենախոնավ քառօրյան է գրանցել քաղաքում:

 

Նշվում է, որ անձրևներն օգնել են մարել շուրջ 30 հրդեհ, որոնցից մի քանիսը բռնկվել էին դեռ ամիսներ առաջ: Դրանցից են Սիդնեյից հյուսիս-արևմուտք գտնվող Գոսպերս լեռան խոշոր հրդեհը և Սիդնեյից հարավ-արևմուտք գտնվող Գրին Ուոթլ Քրիքի խոշոր հրդեհը:

Երաշտից տառապող շրջաններում նույնպես անձրևներ են տեղացել, սակայն հիդրոօդերևութաբանական ծառայությունը նշել է, որ երաշտի վերջնական հաղթահարման համար դեռևս տևական անձրևներ են անհրաժեշտ: