Չինաստանում կորոնավիրուսից բուժվածների թիվը հասել է 3996-ի, զոհերի թիվը` 1016-ի
Չինաստանում կորոնավիրուսից բուժվածների թիվը հասել է 3996-ի, վարակվածների գրանցված թիվը 42 638 է, զոհերի թիվը հասել է 1016-ի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական հանձնաժողովին:
Մեկ օր առաջ հաղորդվել էր 40 100 հիվանդի և 908 մահացածի մասին:
«Փետրվարի 10-ի կեսգիշերի դրությամբ առողջապահության հարցերով պետական հանձնաժողովը 31 նահանգներից ստացել է 42 638 վարակված մարդու մասին տեղեկատվություն, որոնցից 37 626-ը ներկայում հիվանդ է (7333 մարդ գտնվում է ծանր վիճակում), 3996 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 1016-ը մահացել է»,- ասված է պետական հանձնաժողովի հայտարարության մեջ:
Հոնկոնգում գրանցվել է վարակի 42 դեպք (1 մարդ մահացել է), Մակաոյում հիվանդների թիվը 10-ն է, որից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, Թայվանում վարակվածների թիվը 18-ն է, որոնցից մեկը կրկին դուրս է գրվել հիվանդանոցից:
Ներկա դրությամբ վարակվածների հետ շփման մեջ գտնված 187,7 հազար մարդ գտնվում է հսկողության ներքո:
Վերջին օրվա ընթացքում գրանցվել է վարակի 2478 նոր դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 716 մարդ, մահացել է 108 մարդ, ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվն աճել է 849-ով:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:










