Ռուսաստանում հիվանդանոցից դուրս կգրեն կորոնավիրուսով վարակված 2 մարդու. բժշկական հսկողության տակ է ավելի քան 20 հազար մարդ

01:35 • 11.02.20

Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսի կասկածանքով բժշկական հսկողության տակ է ավելի քան 20 հազար մարդ, նրանցից ավելի քան 6 հազարը Չինաստանի քաղաքացիներ են: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

Նշվում է, որ նրանցից 2-ին, որոնց դեպքում կորոնավիրուսով վարակումը հաստատվել էր, շուտով դուրս կգրեն հիվանդանոցից: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան  հայտնել է, որ նրանց դուրս կգրեն, երբ կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը երկու անգամ բացասական արդյունք ցույց կտան: Դրանից հետո նրանք կկարողանան ազատ գտնվել Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Նա նաև պատմել է այն ռուսաստանցիների մասին, որոնց ռազմական ավիացիան տարհանել էր չինական Ուհան քաղաքից: Պոպովայի խոսքով՝ նրանք Տյումենի շրջանում կարանտինի մեջ են, իրենց լավ են զգում, իսկ կորոնավիրուսի առաջին թեստերը իրենց մոտ բացասական արդյունք է ցույց տվել:

Գերատեսչության ղեկավարը շարունակել է, որ ընդհանուր առմամբ երկրի սանիտարահամաճարակային վիճակը կայուն է:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 900-ը: Վարակվածների թիվը անցնում է 40.1 հազարը: Բուժվել է 3281 մարդ: