Մեծ Բրիտանիայի թագուհու ավագ թոռը հայտնել է ամուսնալուծվելու մասին (լուսանկար)
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ավագ թոռ Փիթեր Ֆիլիպսն ու նրա կինը` Օտեմը, հայտնել են 12 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվելու որոշման մասին, գրում է independent.co.uk-ը:
«Ամուսնալուծվելու և համատեղ երեխաներին դաստիարակելու որոշումը կայացվել է երկար ամիսների քննարկումից հետո, և թեև տխուր որոշում է, այն ընդունվել է ընկերական մթնոլորտում: Զույգի գլխավոր առաջնահերթությունն է իրենց երկու հրաշալի դուստրերի բարեկեցությունն ու դաստիարակությունը»,- ասվում է զույգի ներկայացուցչի հայտարարության մեջ:
Բուքինգհեմյան պալատը չի մեկնաբանել իրավիճակը: Ըստ որոշ տեղեկությունների` Փիթեր Ֆիլիպսը թագուհու սիրելի թոռն է:
Գործարար Ֆիլիպսը թագուհու միակ դստեր ավագ որդին է: Նա զբաղեցնում է 15-րդ տեղը գահաժառանգների թվում: Ինչպես և նրա քույրը` Զառան, նա տիտղոս չունի և ազատված է թագավորական պարտականությունների կատարումից:












