Ամերիկացի սահմանապահները կոտրել են հայտնի աֆրիկացի երաժիշտ Սիսոկոյի յուրահատուկ երաժշտական գործիքը (լուսանկար)
Ամերիկացի սահմանապահներն օդանավակայանում ստուգումների ժամանակ կոտրել են աֆրիկացի հայտնի երաժիշտ Բալակե Սիսոկոյի բացառիկ երաժշտական գործիքը` կորան (աֆրիկյան տավիղ): Այս մասին երգիչը տեղեկացրել է Facebook-ի իր էջում:
ԱՄՆ-ից Փարիզ մեկնելիս երգիչը ստիպված է եղել 21-լարանոց հատուկ պատվերով պատրաստված տավիղը հանձնել որպես ուղեբեռ: Փարիզ ժամանելուն պես Սիսոկոն գործիքի փոխարեն ստացել է մի քանի կտոր և կտրված լարերի մի փունջ:
Գործիքն այլևս վերանորոգման ենթակա չէ:
Միևնույն ժամանակ, Տրանսպորտի անվտանգության ամերիկյան գործակալությունը միայն կարճ նամակ է ուղարկել երգչին` ներողություն խնդրելով «ուղեբեռի ստուգման ժամանակ պատճառած անհարմարությունների համար»:
«Մալիում ջիհադականները սպառնում են ոչնչացնել երաժշտական գործիքները, կտրել երգիչների լեզուներն ու ցանկանում են լռեցնել Մալիի երաժշտական ժառանգությունը: Եվ, այնուամենայնիվ, ճակատագրի հեգնանքով, հենց ԱՄՆ-ի սահմանային անցակետում յուրովի հաջողվեց դա անել»,- գրել է Սիսոկոն` մեղադրելով ամերիկացի սահմանապահներին ռասիզմի համար և նշելով, որ սպիտակամորթ երաժիշտների հետ ամենայն հավանականությամբ նման բան չէր լինի:
Կոտրված գործիքը պատրաստել էր հայտնի մասնագետ Ջուլիան Կուպերը, իր հնչողությամբ այն համարվում էր գոյություն ունեցող լավագույն աֆրիկյան տավիղներից մեկն աշխարհում: Այս գործիքը նվագում են հիմնականում թափառական երաժիշտներն ու ազգային պատմիչները, որոնք վերջին շրջանում հետապնդման են ենթարկվում իսլամիստների կողմից:










