Թրամփը Կոնգրեսից ավելի քան 700 միլիոն դոլար է խնդրել Եվրոպայում և Ասիայում «Ռուսաստանին հակազդելու» համար

03:34 • 11.02.20

Ինչպես արդեն հայտնել էինք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հրապարակել է 2021-ի ֆինանսական տարվա բյուջեի ծրագիրը, որը սկսվում է հոկտեմբերից: Ծրագիրը ենթադրում է 3.7 տրիլիոն դոլարի չափով եկամուտներ և 4.79 տրիլիոն դոլարի չափով ծախսեր:

Meduza-ն գրում է, որ բացի դա, Սպիտակ տունն առաջարկում է ավելի քան 700 միլիոն դոլար հատկացնել «ռուսական ազդեցության» դեմ պայքարի համար: Այդ գումարները կուղղվեն Եվրոպայի և Ասիայի՝ ԱՄՆ դաշնակից պետություններին տարածաշրջանային ամբողջականության պաշտպանության և ընդհանուր առմամբ անվտանգության ամրապնդման համար: Ընդ որում, այդ միջոցների մի մասը, ինչպես ծրագրվում է, կտրվի որպես աջակցություն՝ ռուսական սպառազինությունից հրաժարվելու, ինչպես նաև  կուղղվի ՌԴ-ից ներմուծվող էներգետիկ ռեսուրսներից կախվածության նվազմանը: 

Նաև առաջարկվում է 24 միլիոն դոլար հատկացնել «ռուսական դեզինֆորմացիայի և քարոզչության» դեմ հակազդեցությանը: 

Սա 2020-ի նոյեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ երկրի բյուջեի վերջին ծրագիրն է, որը ներկայացվում է Դոնալդ Թրամփի աշխատակազմի կողմից: