Իսպանական Վալենսիան քննարկում է 4-օրյա աշխատանքային շաբաթվա անցնելու ծրագիրը, որպեսզի բնակիչներն ավելի շատ ժամանակ անցկացնեն իրենց ընտանիքների հետ

12:07 • 11.02.20

Իսպանական Վալենսիա ինքնավար համայնքը քննարկում է 4-օրյա աշխատանքային շաբաթվա անցնելու ծրագիրը, որպեսզի քաղաքի բնակիչները կարողանան ավելի շատ ժամանակ անցկացնել իրենց ընտանիքների հետ: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:

Առաջարկվում է կրճատել աշխատանքային ժամերը տեղական տնտեսության մեջ` առանց աշխատավարձերի նվազեցման:

Տեղի ՉԼՄ-ների փոխանցմամբ` Վալենսիայի ղեկավարությունը կսուբսիդավորի այն ընկերություններին, որոնք կընդունեն 4-օրյա աշխատանքային շաբաթվա պայմանները:

Համայնքի փոխնախագահ Մոնիկա Օլտրան նշել է, որ կարճ աշխատանքային շաբաթը կբարձրացնի արտադրողականությունն ու որակը:

«Դա մեզ հնարավորություն կտա բարձրացնել Վալենսիայի տնտեսության արտադրողականությունը, ստեղծել ավելի շատ աշխատատեղեր և առաջնահերթություն տալ ընտանիքին, ինչպես նաև ֆիզիկական և հոգեբանական բարեկեցությանը»,-հայտարարել է Օլտրան:

Վալենսիայի զբաղվածության հարցերով քարտուղար Էնրիկ Նոմդեդեուն ընդգծել է, որ 2015 թվականից Վալենսիայի կառավարությունը փորձում է նոր այլընտրանքներ գտնել զբաղվածության քաղաքականության համար:

Բացի Վալենսիայից, Շվեդիան և Դանիան նույնպես առաջարկել են անցնել կարճ աշխատանքային շաբաթվա: Ֆինլանդիայի նորանշանակ վարչապետ Սաննա Մարինն էլ վերջին բարձրաստիճան պաշտոնյաներից է, որը հանդես է գալիս կարճ աշխատանքային շաբաթվա անցնելու դիրքերից: Նա առաջարկել է սահմանել 6-ժամյա աշխատանքային օր և 4-օրյա աշխատանքային շաբաթ:

Sunbathers at El Cabanyal and La Malvarrosa beaches in Valencia, Spain. Local government authorities in the area are considering implementing a four-day working week