Ինչ-որ մեկի սեփականությունը հանդիսացող հէկ-ից Սևանա լիճ ջուր մղելը խնդրի լուծում չէ. ԱԺ-ն պետք է լուծի թե՛ Սևանի մակարդակի բարձրացման, թե՛ հէկ-երի շահագործման խնդիրը. բնապահպան

14:22 • 12.02.20

Ինչ-որ մեկի սեփականությունը հանդիսացող հէկ-ից Սևանա լիճ ջուր մղելը Սևանի խնդրի լուծում չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի այն հայտարարությանը, թե Եղեգիս գետի վրա կառուցված հէկ-երի խնդրին հրատապ լուծում է պետք տալ, որովհետև թեև հէկ-երն ունեն ջրօգտագործման թույլտվություն, բայց օրենքով սահմանված համապատասխան ծավալի ջուր նրանց չի տրամադրվում:

Գորգիսյանն ասել էր, թե իրեն դիմած քաղաքացիները նշել են, որ Ջրային կոմիտեի կողմից Եղեգիս գետի բնականոն ջրառն արհեստականորեն դադարեցնում են, որը թույլ չի տալիս ապահովել նույնիսկ սահմանված էկոլոգիական թողքը:

«Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, Ջրային կոմիտեն Եղեգիս գետն ամբողջությամբ կտրում է իր բնական հոսքից և ուղղում դեպի Արփա-Սևան թունել` հաշվի չառնելով ջրօգտագործողների իրավունքները, տարածաշրջանում բազմամիլիոն ներդրումները, հարյուրավոր աշխատատեղերը և վճարվող միլիարդավոր հարկերն ու արտադրվող մաքուր էլեկտրաէներգիան, և դրանցով պայմանավորված այլ գործոնները, ինչպես նաև բնապահպանական հնարավոր ճգնաժամը՝ Եղեգիս գետից Սևանա լիճ ջրերի տեղափոխման հետևանքով, որն օրենքով նախատեսված չէ»,-հայտարարել էր Գորգիսյանը՝ հույս հայտնելով, որ շահագրգիռ գերատեսչությունները կարձագանքնեն խնդրին և անհապաղ որևէ լուծում կգտնեն։

«Սևանի խնդիրն արդեն դարձել է գլոբալ խնդիր, և այդ ծավալի խնդրի լուծման համար այլ միջոցառումներ են անհրաժեշտ: Ես կողմնակից եմ Սևանա լճի խնդիրների լուծմանը, բայց և դեմ եմ հէկ-երի աշխատանքին»,-ասաց Ադամյանը՝ նշելով, թե ԱԺ-ն պետք է քայլեր ձեռնարկի, օրենսդրական փոփոխություններ նախաձեռնի, որոնցով կլուծվի թե՛ Սևանի մակարդակի բարձրացման, թե՛ հէկ-երի շահագործման խնդիրը:

«Հէկ-երից շատերն աշխատում են՝ չպահպանելով ոչ մի բնապահպանական նորմ: Չնայած նրան, որ ժամանակին, երբ հէկ-երը պետք է շահագործվեին, գովազդում էին, որ կստանանք «կանաչ», մաքուր էներգետիկա, չենք ունենա շրջակա միջավայրի վնաս, սակայն մշտադիտարկումները ցույց տվեցին, որ դրանք ավերում են շրջակա միջավայրը»,-ասաց Ադամյանը:

Բնապահպանն ընդգծեց նաև, որ ամռան ամիսներին գետերում, որտեղ հէկ-եր են, ջուրը գրեթե ցամաքում է, ինչը շատ լուրջ խնդիր է: «Դրա հետ միասին փոփոխության է ենթարկվում շրջակա ամբողջ կենսամիջավայրը, նաև՝ ձկնապաշարները»,-հավելեց նա: