Չեխովի դպրոցում անձեռոցիկ և զուգարանի թուղթ բերել չի պարտադրվել, ամեն ինչ օրենքի սահմաններում է արվել, ծնողները պատրաստ են առանց դրամահավաք կազմակերպելու աջակցել դպրոցին. տնօրեն

13:18 • 12.02.20

Երեկ Երևանի ավագանու նիստին ներկայացվեց, որ Երևանի Անտոն Պավլովիչ Չեխովի անվան դպրոցի տնօրենը երեխաներին պարտադրում է շաբաթական երկու անգամ անձեռոցիկ ու զուգարանի թուղթ բերել։ Քաղաքապետարանն արձագանքել էր, որ համապատասխան աշխատանքներ կտանեն խնդիրը լուծելու համար։

Այսօր Tert.am-ի հետ զրույցում Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանն  ասաց, որ երեխաներին և ծնողներին ոչինչ չի պարտադրվել, փոխարենը եղել է առաջարկություն։ Նա նշեց, որ քաղաքապետարանից ներկայացուցիչներ են եկել, տեսել, որ ոչինչ օրենքի սահմաններից դուրս չէ։

Ըստ տնօրենի` ամենայն հավանականությամբ, ծնողներից մեկի կողմից է դժգոհություն եղել, որ խնդիրը ավագանի է հասել, սակայն, իր կարծիքով, խնդիրը բարձրաձայնելուց առաջ կարող էին իր հետ քննարկել և հասկանալ, թե ինչ սկզբունքով են նման հարց բարձրացրել դպրոցում:

Գայանե Սարուխանյանը նշեց, որ զուգարանի թուղթ և անձեռոցիկ բերելու հարցը եղել է աշակերտների հիգիենային հետևելու պայմանով: «Ինձ համար դպրոցի կառավարման կարևորագույն բաղկացուցիչներից մեկը դպրոցի սանիտարական վիճակն է, և չեմ պատրաստվում որևէ կերպ իմ պահանջներից հրաժարվել և թուլացնել այն, ինչին հասել ենք»։

Տնօրենի խոսքով՝ թղթերը ոչ թե դպրոցի բյուջեից, դրամահավաքով կամ երեխաներին պարտադրելով են գնվում, այլ դպրոցում հավաքված թղթերի թափոնների հետ փոխանակվում են։ Շրջելով դպրոցում՝ Գայանե Սարուխանյանը ցույց տվեց, որ նույնիսկ վաղ առավոտյան սանհանգույցում թղթերն ու անձեռոցիկները մեծ քանակությամբ են սպառվում, և թղթերի խնայողաբար օգտագործելու համար փորձում են երեխաներին ներգրավել սանիտարահիգիենիկ վիճակն ապահովելու գործում։

«Դպրոցի կանոնադրությունից ելնելով՝ արգելված չէ ծնողական համայնքի աջակցությունից օգտվելը, եթե ծնողը ցանկանում է, կամ դրա անհրաժեշտությունը կա։ Նույնիսկ, եթե չկա համաճարակի վտանգ, ապա մեր պահանջներն են պարտադիր օճառով լվացվել, և մենք պարտավոր ենք ապահովել համապատասխան քաղաքակիրթ պայմանները։ 1600 աշակերտ ունենալու դեպքում անձեռոցիկի սպառումը մեծ է, ծնողներին խնդրել ենք աջակցել թղթե անձեռոցիկներով, որոնցով լվացվելուց հետո պետք է ձեռքերը չորացնել»,- ներկայացրեց նա  և հավելեց, որ ծնողներն իրականում հաճույքով են աջակցում դպրոցին։

Տնօրենի կարծիքով՝ հոգեբանական նկատառում կա, երբ երեխան գիտակցի այդ գործում իր պատասխանատվությունը, ավելի խնամքով կօգտագործի և դիտավորյալ չի փչացնի։ «Երեկ քաղաքապետարանից այցելեցին և տեղում համոզվեցին, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է արվել, և տեսել են, որ ծնողական խորհրդի արձանագրությունը, որտեղ նշված է՝ ծնողները պատրաստ են առանց դրամահավաք կազմակերպելու երեխաների հետ թղթե անձեռոցիկներ ուղարկել դպրոց»։

Հարցին, թե գուցե դժգոհության ալիք է բարձրացել նրա համար, որ կան երեխաներ, որոնք չունեն միջոցներ նախաձեռնությանը մասնակցելու համար, տնօրենն ասաց, որ ոչ մի պարտադրանք չկա, ծնողների ցանկության ֆոնին է ամեն ինչ արվում։ Նա նշեց, որ երեխաների բերած անձեռոցիկներից բացառապես երեխաներն են օգտվում։