Այդքան երիտասարդ եք, որտեղի՞ց ձեզ այդքան ամբարտավանություն. Համազասպ Դանիելյանը՝ ԼՀԿ պատգամավորներին (տեսանյութ)
Ես իմ խոսքն ուղղում եմ «Լուսավոր Հայաստան»-ի բարեկիրթ մարդկանց, ովքեր իրապես ուզում են կոռուպցիայի դեմ պայքարել. այդքան երիտասարդ եք, որտեղի՞ց ձեզ այդքան ամբարտավանություն, բա թե դուք մասնագետ չեք, ունենք փայլուն իարվաբան, սա ի՞նչ հռետորաբանություն է: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով ԼՀԿ-ի կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու իրավասությամբ՝ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված:
Համազասպ Դանիելյանն ասաց, որ սկզբունքին կողմ է և անձնապես ինքը նոյեմբերի 30-ին այս գաղափարը ներկայացրել է:
«Երբ ասում եք պարզ նախագիծ է, ճիշտ եք ասում, բայց կիսատ եք ասում՝ պրիմիտիվ նախագիծ է, նյուանսները հաշվի առնված չեն: Երբ այստեղ շահագրգիռ քննարկում է գնում և մեր գործընկերները բարեկիրթ ձևով ասում են՝ սա հաշվի առե՞լ եք, միանգամից ստանում են պատասխան ամբարտավան ձևով: Այդքան երիտասարդ եք, որտեղի՞ց ձեզ այդքան ամբարտավանություն, բա թե դուք մասնագետ չեք, ունենք փայլուն իարվաբան, սա ի՞նչ հռետորաբանություն է: Դուք մտածո՞ւմ եք, որ ձեր որոշ գործընկների հռետորաբանությունը ազդում է ձեր նախագծերի ընկալման վրա»,-ասաց Դանիելյանը՝ դիմելով ԼՀԿ-ին:
Դանիելյանը նշեց նաև, որ ժամանակը չի բավականացնի թվարկել, թե որքան բացթողումներ թվարկվեցին այս նախագծի վերաբերյալ քննարկմանը և մի քանիսն էլ ինքը կարող է ավելացնել: «Սկզբունքին համաձայն ենք, բայց համարում ենք, որ այնքան թերի է, որ խնդիր ստեղծող նախագիծ է և ավելի հեշտ է սկզբից աշխատել և երեք ֆրակցիայով քննարկել և ընդունել, որ ունքը ուղղելու փոխարեն աչքը չհանենք»,-ասաց նա:
Նշենք, որ Համազասպ Դանիելյանի ելույթից հետո Անի Սամսոնյանը դժգոհելով դուրս եկավ:










