Նախագծի ուղերձն այն է, որ արհեստավորները և քոլեջի շրջանավարտ-պրոֆեսիոնալները կարող են ապրել ոչ պակաս բարեկեցիկ, քան ոչ այնքան արհեստավարժ իրավաբանները, միջազգայնագետները և այլք. Մխիթար Հայրապետյան

16:05 • 12.02.20

Ազգային ժողովը քննարկում է «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի զեկուցողն է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Մխիթար Հայրապետյանը:

Նա մինչ նախագիծը ներկայացնելը հայտնեց, որ բազմիցս խոսել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ինստիտուտների ամրապնդման անհրաժեշտության մասին:

«Պատասխանատու ձևով հայտարարում եմ, որ բերել ենք փաթեթ, որի հիմնական նպատակն այս ինստիտուտի ամրապնդումն է: Սրանով մենք կանգ չենք առնելու, սա մեխանիզմներից մեկն է և դեռ շատ անելիքներ կան»,-ասաց նա:

Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց, որ գործող օրենքի համաձայն նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսանողները կարող են սովորել միայն անվճար հիմունքներով: Նա նշեց, որ մտահոգություններ են ստացել ստացվել առ այն, որ շատ ուսումնարաններում և քոլեջներում պետական պատվերով անվճար հիմունքներով տեղեր հատկացված չեն եղել, կամ սահմանափակ են եղել:

«Մենք առաջարկում ենք հնարավորություն տալ, որպեսզի հիմնական կրթության հիմքով վճարովի հիմունքներով ևս տեղեր լինեն: Նախագծի երկրորդ փոփոխությունն առնչվում է արվեստի ուղղվածություն քոլեջներին, մասնավորապես այն մասնագիտություններին, որոնք չունեն հեռակա ուսուցման: Մենք փորձում ենք այս նախագծով վերացնել այսպես ասած խտրականությունը»,-ասաց նա և որպես օրինակ նշեց Ռ.Մելիքյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջը, որտեղ դաշնակահարը սովորում է 5-6 տարի և հետո հնարավորություն չի ունենում գնալ բուհում հեռակա երկրորդ կուրս նստել, քանի որ տվյալ մասնագիտությունով հեռակա ուսուցում չի իրականացվում: Այդ նպատակով հնարավորություն է տրվում ուսումը շարունակել առկա ուսուցմամբ:

«Ես, բացի  օրենքի նախագծի բուն էությունից, կարևորել եմ այս նախագծի հիմքում դրված այն ուղերձը, որն, ըստ էության, այն է, որ պարտադիր չէ՝ բոլորը սովորեն բուհում, այն երեխաները, որոնք արհեստ ձեռք բերելու ցանկություն ունեն, կարող են կրթություն ստանալ ուսումնարաններում և քոլեջներում: Պետությունն էլ պարտավոր է ապահովել այդ հնարավորությունը»,-ասաց Հայրապետյանը:

«Մեր հիմնական ուղերձը այն է, որ  բոլոր արհեստավորները, միջին մասնագիտական կրթություն ստացած պրոֆեսիոնալները կարող են ապրել ոչ պակաս բարեկեցիկ, քան ոչ այնքան պրոֆեսիոնալ իրավաբանները, միջազգայնագետները, արևելագետները և այլք»,-ասաց նա: