Հանրաքվեի քարոզարշավի ընթացում ՀՀ քաղաքացիների վստահությունն ապագայի նկատմամբ կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն ավելի կմեծանա. Փաշինյան (տեսանյութ)
Ապրիլի հինգին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ որոշ կարծիքներ են հնչում, որ շուրջ երկու ամիս տևող քարոզարշավը կարող է բացասական ազդեցություն թողնել օրինակ՝ տնտեսական ակտիվության վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք կառավարությունը ունի մտահոգություններ, թե ինչպիսի ազդեցություն կարող է լինել և կա՞ փորձ Հայաստանում, թե ընտրական պրոցեսներն ինչպիսի ազդեցություն են ունեցել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով ասաց, որ 2019թ. փորձը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսության վրա ազդող հիմնական գործողը ապագայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների ունեցած վստահությունն է: «Ես ուզում եմ հավաստիացնել, որ այդ քարոզարշավի ընթացում քաղաքացիների վստահությունն ապագայի նկատմամբ կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն ավելի կմեծանա»,-ասաց նա և համոզմունք հայտնեց, որ ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա քարոզարշավը տնտեսության վրա, ավելին՝ կունենա աշխուժացնող ազդեցություն:
«Ինչպես երևում է, արտերում ապրող բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են գալ այդ ընթացքում Հայաստան, որպեսզի քվեարկեն և մենք, կարծես՝ ստեղծում ենք տուրիզմի նոր տեսակ, որը կոչվում է «ընտրական տուրիզմ»»,-ասաց վարչապետը, իսկ դահլիճից հայտնեցին, որ արդեն կա այդպիսի տեսակ:
«Ափսոս, մեզ թվում է մենք ենք հորինել, ամեն դեպքում կլինի «ընտրական տուրիզմ»»,-ասաց նա: Այսպիսով՝ նա կոչ արեց արտերկրում բնակվող քաղաքացիներին, որոնք ունեն Հայաստանի քաղաքացիություն, այս ընթացքն օգտագործեն և գալ: «Մանավանդ հիմա, եվրոպական մի շարք երկրներից աներևակայելի ցածր գներով տոմսեր կարելի է գնել, իսկ նրանք, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն, կարող են «ընտրական տուրիզմից» զերծ չմնալ և գալ ու դիտարկել, թե ինչպես են ժողովրդավարական պրոցեսներն այստեղ զարգանում: Հաճելին օգտակարի հետ կհամատեղենք և նոր խթան կտանք տնտեսությանը»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քարոզարշավը չի կանգնեցնելու աննախադեպ չափի կապիտալ ծախսերը, որը կառավարությունը պլանավորել է, և դա լուրջ խթան է լինելու տնտեսական ակտիվացման համար: Անշարժ գույքի շուկայում տիրող ակտիվությունը նոր խթան է լինելու տնտեսության համար: «Մենք այս ողջ պրոցեսը պետք է տանենք բարձր տնտեսական, քաղաքական և հանրային տրամադրությամբ»,-հավելեց վարչապետը:










