ԵԱՏՄ-ում երկրների կառավարությունների՝ վետոյի իրավունքից հնարավոր հրաժարվելու հարցը քաղաքական տեսանկյունից չի քննարկվում. Մհեր Գրիգորյան (տեսանյութ)

18:27 • 12.02.20

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը հայտարարել է, որ կառավարությունները քննարկում են որոշ հարցերի շրջանակներում վետոյի իրավունքից հրաժարումը և այդ իրավունքի փոխանցումը վերազգային կազմակերպության: Նա հարցրեց, թե ինչ հարցերի շրջանակում է քննարկվում ԵԱՏՄ-ում պետությունների վետոյի իրավունքից հրաժարումը:

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ասաց, որ հարցը բուռն քննարկվել է և դեռ կքննարկվի: «Այն ավելի շատ քննարկվել է հանձնաժողովների աշխատանքի արդյունավետության տեսանկյունից, այսինքն՝ դա այդքան քաղաքական կոնտեքստ չի ունեցել: Խնդիրն այն է, որ շատ դեպքերում հանձնաժողովի ցանկացած ֆունկցիա դառնում է զրոյական, քանի որ կառավարություններից մեկը վետո է դնում և որոշումն ուղղակի չի իրականացվում: Օրակարգում կա ռազմավարական մի հարց՝ արդյո՞ք հանձնաժողովը պետք է օժտված չլինի այն լիազորությամբ, որպեսզի կամ վետոն վերացնի կամ վետոն ընդհանրապես բացառվի»,-ասաց նա և նշեց, որ այս պահին այդ հարցում հստակություն չկա:

«Այն դեռևս ռազմավարական շարադրանքի փուլում է քննարկվում: Ինչ-որ պահի հանրությանը կտեղեկացնենք, թե ինչ բովանդակության հասանք: Բայց կարծում եմ, որ այստեղ հարցն այնքան քաղաքական չէ, որքան վերաբերվում է հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությանը»,-ասաց փոխվարչապետը: