Չեմ ուզում մտածել, որ քաղաքապետը ինչպես քննիչ հանձնաժողովի դեպքում եկավ ԱԺ և ասաց՝ ինչ անեն, նույնը այս նախագծի դեպքում կանի. Անի Սամսոնյանը՝ ՏԻՄ-երի նվիրատվությունները հանրայնացնելու նախագծի մասին
Իմ մշակած օրինագծի շուրջ գործընկերոջս հետ բովանդակային քննարկում էինք ունենում, նա անցում կատարեց այլ թեմայի, ես նրան հորդորեցի պարզապես վերադսռնալ բովանդակային քննարկման, ինչից էլ ծագեց փոքրիկ վիճաբանություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ էր միջացքում վիճում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հետ և նրան ասում. «Կհարգեք՝ կհարգվեք, չեք հարգի՝ չեք հարգվի»:
Անի Սամսոնյանը նշեց, որ պատգամավորը եղել է «Իմ քայլը» դաշինքից Համազասպ Դանիելյանը: «Մենք բովանդակային քննարկում էինք ունենում, իսկ նա փորձեց ինձ դաստիարակչական խրատներ տալ, ես խնդրում էի նրան վերադառնալ քննարկմանը: Քննարկումը իմ նախագծի վերաբերյալ էր»,- ասաց նա:
Նշենք, որ Անի Սամսոնյանը նախագիծ է մշակել, որով պետք է կարգավորվի ՏԻՄ-երի նվիրատվությունները հանրայնացնելու հարցը: «Եղել է պրակտիկա, որ ավագանին հաստատել է նվիրատվությունները, բայց քանի որ վերջին նվիրատվությունները չէին հաստատվել ավագանու կողմից և մեր գործըկերները հղում էին անում, որ օրենքում կոնկրետ դրույթ չկա, որ ավագանին պետք է հաստատի, հիմա ես բերել եմ կարգավորումը, որ այդ պրակտիկայում իրագործածը մենք կարգավորենք նաև իրավական նորմերով և որ դա չարաշահումների տեղիք չտա»,- պարզաբանեց պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ երբ իրենք ստեղծում էին քննիչ հանձնաժողովը, «Իմ քայլի» իրենց գործընկերները ասում էին՝ ինչո՞ւ են զբաղվում անիմաստ գործերով, պետք է բերեն օրենսդրական նախաձեռնություններ, որ այդ դաշտը կարգավորվի: «Հիմա ես բերել եմ օրենսդրական նախաձեռնություն, մեր գործընկերները դեմ ելույթներ են ունենում, տեխնիկական հարցեր են մեջբերում: Ես ասել եմ, որ պատրաստ եմ ընդունել բոլորի առաջարկները, բայց նաև քաղաքական ելույթներ են հնչում և տպավորություն է՝ ինչ-որ խնդիր կա և մեր գործընկերները չեն ուզում ընդունել նախագիծը»,- ասաց նա:
Վերջինս հայտարարեց, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, նախագիծը բերվել է օրակարգ: «Մարդիկ, որոնք հնչեցնում են բովանդակային ելույթներ, ես դրանց կպատասխանեմ, մենք կհամագործակցենք, բայց նրանք, ովքեր հնչեցնում են քաղաքական ելույթներ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կա քաղաքական որոշում՝ այս նախագիծը չպիտի անցնի: Ես չեմ ուզում մտածել, որ Երևանի քաղաքապետը ինչպես քննիչ հանձնաժողովի դեպքում եկավ ԱԺ և ասաց, թե ԱԺ-ում ինչ պիտի անեն, նույնը այս նախագծի դեպքում կանի»,- հայտարարեց նա:










