Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1113-ի
Մայրցամաքային Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակով վարակված մարդկանց թիվը հասել է ավելի քան 44 600-ի, նրանցից 1113-ը մահացել են, 4740-ը` բուժվել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական հանձնաժողովին:
Մեկ օր առաջ հաղորդվել էր ավելի քան 42 600 վարակվածի, 1016 մահացածի և 3996 ապաքինվածի մասին:
«Փետրվարի 11-ին կեսգիշերի դրությամբ Առողջապահության հարցերով պետական հանձնաժողովը 31 նահանգներից ստացել է 44 653 գրանցված վարակման դեպքի մասին տեղեկատվություն, որոնցից 38 800-ը հիվանդ են նաև ներկա դրությամբ (8204-ը գտնվում են ծանր վիճակում), 4740-ը դուրս են գրվել հիվանդանոցներից, 1113-ը մահացել են»,-ասված է պետական հանձնաժողովի հայտարարության մեջ:
Հոնկոնգում գրանցվել է վարակման 49 դեպք (նրանցից 1-ը մահացել է), Մակաոյում գրանցվել է վարակման 10 դեպք (1-ը առողջացել է), Թայվանում վարակվել է 18 մարդ (1-ը առողջացել է):
Ներկա դրությամբ 185 000 մարդ, որոնք շփվել են վարակվածների հետ, գտնվում են հսկողության տակ:
Վերջին օրվա ընթացքում վարակակիրների թիվն ավելացել է 2015-ով, հիվանդանոցներից դուրս է գրվել 744 մարդ, մահացել է 97-ը, ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվն աճել է 871-ով:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:










