«Զգալի խախտումները մտահոգություններ են առաջացնում». ԵՄ-ն քննադատել է Ադրբեջանում ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները

11:34 • 12.02.20

Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:

Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատականով` չնայած մեծ թվով թեկնածուներին` սահմանափակ օրենսդրությունն ու քաղաքական միջավայրն ընտրությունների ընթացքում խանգարել են իրական մրցակցությանը:

Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ բոյկոտել են ընտրությունները սահմանափակ պայմանների պատճառով, իսկ մի քանի թեկնածուներ զրկվել են ընտրություններին մասնակցելու իրավունքից Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ազատ ընտրությունների իրավունքի վերաբերյալ որոշումները կատարելու անկարողության պատճառով:

«Ինչպես ընդգծում է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակը, ձայների հաշվարկում զգալի խախտումները հատուկ մտահոգություններ են առաջացնում: Եվրամիությունը ցավում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի խորհուրդները չեն իրականացվում»,-ասված է հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, Ադրբեջանում պատգամավորի թեկնածուների մի խումբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել կիրակի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կեղծիքների դեմ: 

Պատգամավորության թեկնածուները լրագրողների համար կարդացել են իրենց կոչը, սակայն ընթերցման ժամանակ ոստիկանները խանգարել են նրանց և կոչ են արել «չխախտել հասարակական կարգը» և պահանջել են ցրվել: Ի պատասխան դրա պատգամավորության թեկնածու Ռուսլան Իզզաթլին հայտարարել է, որ պատգամավորության թեկնածուներն անձեռնմխելիություն ունեն, և շարունակել է կարդալ հայտարարությունը:

Ոստիկանությունը ձերբակալել է նրան և պատգամավորության մեկ այլ թեկնածու Ահադ Մամեդլիին, իսկ մյուսներին ցրել է:

Պատգամավորության թեկնածուներից բացի` բերման են ենթարկվել նաև այլ ակտիվիստներ: