Հնդկաստանում տղամարդն ինքն իրեն ներշնչել է, որ կորոնավիրուսի վարակակիր է ու ինքնասպան է եղել

18:13 • 12.02.20

Հնդկաստանի 50-ամյա բնակիչ Բալա Կրիշնան, համացանցում նոր տեսակի կորոնավիրուսի մասին անհանգստացնող լուրեր կարդալով, ինքն իրեն ներշնչել է, որ վարակակիր է:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, տղամարդն ամեն ինչ արել է կնոջից, երկու երեխաներից ու մյուս հարազատներից մեկուսանալու համար: Ի վերջո, նա այնքան է հավատացել վարակակիր լինելու ներշնչանքին, որ որոշել է ինքնասպան լինել՝ մյուսներին չվարակելու համար:

Հարազատների պատմելով՝ տղամարդն ամեն օր հեռախոսով տեսանյութեր էր դիտում ավելի քան հազար մարդու կյանք խլած հիվանդության մասին: Եվ երբ մի քանի օր առաջ նրա ջերմությունը բարձրացել է, Կրիշնան շտապել է հիվանդանոց՝ համոզված լինելով, որ կորոնավիրուսով է վարակված: Տեղի մասնագետներն ասել են, որ նման բան չկա ու տղամարդու մոտ վարակային տենդ են ախտորոշել:

Սակայն հնդիկը համոզված է եղել, որ բժիշկներն իրեն ճշմարտությունը չեն ասում:

«Հայրս հիվանդանոցից վերադառնալուց ի վեր անընդհատ պնդում էր, որ իր մոտ կորոնավիրուսի ախտանիշներն են: Նա մեզ արգելում էր իրեն մոտենալ»,-պատմել է հանգուցյալի որդին:

Նշվում է, որ Կրիշնան ինքնասպան է եղել կախվելու միջոցով: