Մեծ մասը պետպատվերի շրջանակում բուժծառայություն ստանում է առողջապահական այլ հիմնարկներում. վարչապետը՝ Ոստիկանության հոսպիտալի լուծարման պատճառների մասին (տեսանյութ)

18:31 • 12.02.20

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ Ոստիկանության հոսպիտալի լուծարման գործընթաց է սկսվել և խնդրեց տալ այդ լուծարման անհրաժեշտության հիմնավորումները:

Փաշինյանը նշեց, որ 800 մլն դրամ ոստիկանությունը գումար է ակնկալում առողջապահական ծառայությունների համար: «Այդ գումարը նախատեսվում էր ոստիկանության պոլիկլինիկայի համար և ինձ մոտ հարց առաջացավ իսկ ոստիկանների քանի՞ տոկոսն է սպասարկում այս պոլիկլինիկան: Պարզվեց, որ շատ չնչին տոկոսին է սպասարկում, որովհետև պոլիկլինիկան Երևանում է, իսկ ոստիկանությունը՝ ամբողջ ՀՀ տարածքում»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ ոստիկանների մեծամասնությունը ստանում են բժշկական ծառայություններ  ուրիշ առողջապահական հիմնարկներում պետպատվերի շրջանակում, որը վճարում է նախարարությունը: Վարչապետն ասաց, որ դա նրանից է, որ պոլիկլինիկան չունի անհրաժեշտ տեխնիկական բազա: «Եթե ոստիկանների մեծամասնությունն այսպես, թե այնպես ծառայությունը ստանում է այլ առողջապահական հիմնարկներում, ուրեմն մենք այդ 800 մլնը վերցնենք, դնենք այդ պետպատվերի վրա, որ ոստիկաններն այլ բժշկական հաստատություններում որակյալ ծառայություն ստանան»,- ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ այդ պրոցեսը ընթացքի մեջ է և չի բացառվում, որ նման որոշում կկայացնեն նաև այլ կառույցների հետ կապված: «Ենթադրենք կառույցում կա 10 հազար աշխատող ու կա մեկ թերհագեցած պոլիկլինիկա, որն սպասարկում է 10 հազարից 1000-ին և այնտեղ կա տնօրեն, հաշվապահ, պահակ, վարորդ, որոնք այդ առողջապահական հոդվածի փողը ծախսում են ոչ ոստիկանների համար նախատեսված առողջապահական նպատակներով: Մենք ասում ենք՝ այդ գումարի այսպիսի ծախսը առողջապահության վերնագրի ներքո էֆեկտիվ չէ: Եթե մեր հայրենակիցներն ուզում են աշխատեն ոստիկանությունում, ապա այնտեղ շատ թափուր հաստիքներ կան, թող գնան աշխատեն: Ես համոզված եմ, որ դա ճիշտ որոշում է 100 տոկոսով»,- ասաց նա:

Նա նշեց, որ ՀՀ պետական կառավարման համակարգի ամենամեծ խնդիրն այն է ,որ պետք է գործառույթները հստակ բաժանվեն: «Ոստիկանությունում կա նաև մանկապարտեզ, ես հարց եմ տալիս, ոստիկանության աշխատողների քանի՞ տոկոսի երեխաներն են այցելում այդ մանկապարտեզ: Այդ թիվը շատ փոքր է: Իսկ ինչո՞ւ պետք է ոստիկանների երեխաներն ուրիշ մանկապարտեզ գնա, բժիշկներինը ուրիշ»,- ասաց նա: