Ռուսական պատվիրակությունը լքել է Անկարան` առանց Սիրիայի հարցում թուրքերի հետ համաձայնության գալու
Անկարայում Սիրիայի հարցով անցկացված ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում կողմերին չի հաջողվել համաձայնության գալ: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:
Տեղեկացվում է, որ բանակցությունների արդյունքում կողմերին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ, և ռուսական կողմը լքել է Թուրքիայի մայրաքաղաքը:
Անկարա մեկնած ռուսական պատվիրակությունը երկու հանդիպում է ունեցել թուրքական կողմի հետ, որոնցից առաջինն անցել է դռնփակ և տևել է ավելի քան 3 ժամ:
Թուրքական պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը, ռուսական պատվիրակությունը` փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը: Բանակցություններին մասնակցել են երկու երկրների բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ: Քննարկվել է սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակը:
Բանակցությունների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:
Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունը:










