Տիբեթում կորոնավիրուսով վարակված միակ մարդն առողջացել է
Տիբեթի ինքնավար շրջանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակված միակ անձն առողջացել է և այսօր` փետրվարի 12-ին, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությանը:
Չժան ազգանունով տղամարդն ինտենսիվ բուժում է ստացել Տիբեթի ինքնավար շրջանի ազգային հիվանդանոցում, որը նա լքել է տեղի ժամանակով 14:00-ին (Երևանի ժամանակով` 10:00-ին): Այսպիսով` Տիբեթը կրկին դարձել է Չինաստանի միակ շրջանը, որտեղ կորոնավիրուս չկա:
Տղամարդը հունվարի 24-ին գնացքով Ուհան քաղաքի Ուչան շրջանից գնացել էր Լհասա: Հունվարի 25-ին նրա ինքնազգացողությունը վատացել էր, և նա դիմել էր տեղի հիվանդանոց, որտեղ նրան հսկողության տակ էին վերցրել, իսկ հունվարի 29-ին նրա մոտ հաստատվել էր կորոնավիրուսի ախտորոշում:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:










