«Հարգելի՛ փոխնախարար, այլևս որևէ մեկը չհամարձակվի այստեղ  շանտաժի  լեզվով խոսի պատգամավորների հետ». Լուսինե Բադալյանը՝ Առողջապահության փոխնախարարին

18:18 • 13.02.20

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման» մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ  բաց կթողնեն քվեարկությունները: «Ողջունում ենք նախագիծը, նախաձեռնությունը, բայց կան խնդրահարույց հարցեր, և մարդիկ կան մի կարծիքի են, մարդիկ կան՝ մեկ այլ»,-ասաց նա:

Նույն խմբակցությունից Լուսինե Բադալյանը խոսեց պատգամավորի նկատմամբ հարգելու կարևորության մասին և նշեց: «Հարգելի՛ փոխնախարար, այլևս որևէ մեկը չհամարձակվի այստեղ շանտաժի լեզվով խոսի պատգամավորների հետ, այն արտահայտությունը, որ ով դեմ է քվեարկելու՝ բոլոր մահերը մնալու են նրա խղճին, անթույլատրելի է»,-ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Գուրգեն Բաղդասարյանը նշեց, որ ինքն էլ է միանում տիկին Բադալյանի ասածին. «Քանի որ խոսք են տվել մի բան, իսկ բերել այլ բան, միայն դրա համար պետք է դեմ քվեարկել»,-ասաց նա:

Գևորգ Գորգիսյանը անդրադառնալով նախագծերի լրամշակմանը, ասաց, որ ելնելով  դառը փորձի վրա կողմ չենք քվեարկի, բայց պատրաստ ենք միասն քննարկել: ԲՀԿ-ից Արթուր Գրիգորյանն ասաց, որ ԲՀԿ-ն կողմ է նախագծին, բայց համաձայն են հետո աշխատանքային խումբ ձևավորելու արդյունքում շտկել:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց իր դիրքորոշումը. «Իմ մասնավոր, անձնական դիրքորոշումն այն է, որ սա քաղաքակրթության հարց է և ինչպես ես, այնպես էլ շատ շատերը, պատկերացնում ենք չծխող Հայաստան և պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել և հասնել այս կետին: Այս օրենքի 90-95 տոկոսի հետ բոլորը համաձայն են, բայց փոքր տոկոսը խնդրահարույց է և ունի առավել մանրամասն քննարկելու կարիք: Ես ցույց եմ տալու իմ քաղաքակրթական դիրքորոշումը՝ սատարելու եմ բոլոր ջանքերը վիճահարույց խնդիրների շուրջ»,-հավելեց նա:

Ըստ «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ ճիշտ կլինի նախագիծը հետ տարվի կամ հետաձգվի: «Ինչու ստեղծել աշխատանքային խումբ,  եթե կարելի վերանայել»,-ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց դեմ քվեարկել, որպեսզի նախագիծը գնա առաջին ընթերցման, քանի որ, եթե օրենքն ընդունվեց՝ գնալու է նախագահի ստորագրմանը, իսկ Արարատ Միրզոյան ասաց, որ հեղինակից համաձայնություն չունեն: Այսուհանդերձ՝ հարցը դրվեց քվեարկության և 76 կողմ, 16 դեմ և 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց: