«Աստվածանարգությունը հանցանք չէ». Մակրոնը պաշտպանել է մուսուլմաններին վիրավորած աշակերտուհուն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է Միլա անունով աշակերտուհուն, որն իսլամի վերաբերյալ մուսուլմանների համար վիրավորական սուր քննադատության պատճառով մահվան սպառնալիքներ է ստացել ու ստիպված է եղել դուրս գալ դպրոցից:
Ինչպես նշում է The Guardian-ը, Ֆրանսիայի նախագահը, պաշտպանելով աշակերտուհուն, հայտարարել է, որ «աստվածանարգությունը հանցանք չէ»:
Պարբերականը նկատում է, որ Մակրոնը հարցին միջամտել է այն ժամանակ, երբ երկրի արդարադատության նախարարին քննադատել են այն հայտարարության համար, ըստ որի՝ «Միլայի կողմից կրոնի նկատմամբ հարձակումը գիտակցության ազատության դեմ հարձակում է»: Բայց միևնույն ժամանակ նախարարն ասել էր, որ մահվան սպառնալիքներ ուղարկելն անընդունելի երևույթ է:
Այս դեպքը լայն արձագանք է ստացել Ֆրանսիայում՝ հանրությունը կիսելով երկու ճամբարի:
«Այս բանավեճում մենք անտեսել ենք այն փաստը, որ Միլան դեռահաս է, որին մենք պարտավոր ենք պաշտպանել դպրոցում, առօրյայում»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ պետությունը Միլայի համար նոր դպրոց է գտել:
Երկրի նախագահի համոզմամբ՝ երեխաներին պետք է պաշտպանել առցանց հարթակում ատելության և վիրավորանքի բոլոր դրսևորումներից, և այդ անհրաժեշտությունը կապ չունի կրոնի քննադատության հետ:
«Կա հստակ օրենք. մենք իրավունք ունենք աստվածանարգել, քննադատել, կրոնների վերաբերյալ ծաղրանկարներ ստեղծել: Պետական կարգը բարոյական կարգ չէ, մինչդեռ ատելության սերմանումն ու արժանապատվության դեմ հարձակումը հակասում են օրենքին»,-ընդգծել է Մակրոնը:
Պարբերականը մանրամասնում է, որ Լիոնի 16-ամյա բնակչուհի Միլան Instagram-ի իր էջում խոստովանել էր, որ լեսբուհի է, ինչից հետո նրա մուսուլման հետևորդներից մեկն աղջկան «կեղտոտ պոռնիկ» ու «կեղտոտ լեսբուհի» էր անվանել: Դրան ի պատասխան Միլան իսլամը քննադատող տեսանյութ էր հրապարակել: Դրանից բարկացած օգտատերերը Միլային մահվան սպառնալիքներ են ուղարկել, նրա անձնական տվյալները տարածել համացանցում, հայտնել, թե աղջիկը որ դպրոցում է սովորում: Ավելի ուշ աղջիկը հայտնվել է հեռուստաեթերում ՝ հայտարարելով, որ աստվածանարգությամբ զբաղվելու իրավունք ունի:










