Մեծ Բրիտանիայում համակարգչային խափանումը 101-ամյա իտալացուն «երիտասարդացրել է»՝ դարձնելով 1-ամյա երեխա

05:51 • 13.02.20

Մեծ Բրիտանիայում համակարգչային խափանման պատճառով 101-ամյա տղամարդը «երիտասարդացել է՝ դառնալով 1-ամյա երեխա»: Դեպքի մասին գրել է The Guardian թերթը:

Երկարակյաց Ջովանի Պալմիերոն, որը Իտալիայից տեղափոխվել է Մեծ Բրիտանիա և Լոնդոնում է բնակվում ավելի քան կես դար, դիմել է երկրի Ներքին գործերի նախարարություն, որպեսզի երկարացնի երկրում բնակվելու ժամկետը: Դա պայմանավորված է Միացյալ Թագավորության՝ ԵՄ-ից դուրս գալով: Երկրում ապրող բոլոր օտարերկրացիները պարտավոր էին երկարացնել Մեծ Բրիտանիայում իրենց մնալու ժամկետը:

Նշվում է, որ համապատասխան աշխատակիցները տղամարդուց պահանջել են տրամադրել ծնողների կողմից իր ինքնությունը հաստատող հավաստագիր: Ծերուկը, ում ծնողները մահացել են տասնամյակներ առաջ, նախ զարմացել է, ապա գովել աշխատակիցներին հումորի զգացումի համար:

Նշվում է, որ համակարգչային ծրագիրը Ջովանիի ծննդյան տարեթիվը հաշվել է ոչ թե 1919, այլ 2019: Արդյունքում, ծերուկին օգնության շտապած կամավորը երկար ժամանակ պաշտոնյաներին համոզել է և փորձել ապացուցել, որ տեղի է ունեցել տեխնիկական խափանում: Մոտ կես ժամ անց հնարավոր է եղել համաձայնության գալ աշխատակիցների հետ, ինչից հետո գերատեսչությունը համաձայնել է ընդունել սխալը և տղամարդու տվյալները գրանցել է հեռախոսի միջոցով:

Հաղորդվում է, որ Պալմիերոն Մեծ Բրիտանիայում է բնակվում մոտ 54 տարի: Նա ունի 4 երեխա, 8 թոռ և 11 ծոռ: Նրանք բոլորը բնակվում են Լոնդոնում, այդ պատճառով էլ թոշակառուն չի կարող վերադառնալ Իտալիա: