Միայն նախօրեին նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով Հուբեյ նահանգում մահացել է 242 մարդ. սա վարակի մասին հաղորդելուց ի վեր ամենաբարձր ցուցանիշն է
Չինական Հուբեյ նահանգում, որը համարվում է նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոնը, բուժաշխատողները վարակի ախտանշանները հայտնաբերելու համար նոր մեթոդ են կիրառում:
«Համաձայն նոր մեթոդի՝ Հուբեյ նահանգում վերջերս նոր մեթոդով ստուգվել են ավելի վաղ վարակման հնարավոր դեպքերը և փոփոխություններ են արվել ախտորոշման արդյունքներում: Նոր պացիենտների ախտորոշումներն արվել են համաձայն ախտորոշումների նոր որակավորման»,-РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:
Sky News-ի փոխանցմամբ՝ վարակի էպիկենտրոնը համարվող Հուբեյ նահանգում վարակման 14. 800 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ վարակման գրանցված թիվը անցնում է 48 հազարը: Միայն չորեքշաբթի կորոնավիրուսի հետևանքով մահացել է 242 մարդ: Այս ցուցանիշը դեկտեմբերի 31-ից՝ վարակի մասին հաղորդելուց ի վեր ամենաբարձրն է:
Ինչպես արդեն հայտնել էինք Հուբեյ նահանգում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հետևանքով զոհերի թիվն ընդհանուր առմամբ հասել է 1310-ի:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Սումիա Շվամինաթանը հայտնել էր, որ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը մարդկանց վրա կփորձարկեն 3-ից 4 ամիս հետո:










