Ստամբուլի քաղաքապետարանը դատի է տվել Էրդողանի զարմիկին

09:51 • 13.02.20

Ստամբուլի քաղաքապետարանը հայց է ներկայացրել ընդդեմ իրեն առընթեր «Միջքաղաքային հաղորդակցություն» բաժնետիրական ընկերության 4 աշխատակցի: Այս մասին տեղեկացնում է Cumhuriyet պարբերականը:

Հաղորդվում է, որ նշված 4 աշխատակիցներից մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկ Համիթ Էրդողանն է:

Հարուցված գործում նշվում է, որ մեղադրյալները «Միջքաղաքային հաղորդակցություն» բաժնետիրական ընկերությանը պատկանող նավերի վերանորոգման արդյունքում առաջացած ջարդոններն անօրինական կերպով օտարել են` առանց հատուցելու ընկերությանը:

Քննության ընթացքում ոստիկանական բաժանմունք ներկայացած կասկածյալներից Գյուլթեքինն ասել է, որ ջարդոններ են տեղափոխել 3 տնօրենների իմացությամբ, իսկ ստացված եկամուտը փոխանցվել է իր հաշվին` Էրդողանի զարմիկի հրահանգով:

Համիթ Էրդողանը համարվում է տվյալ բաժնետիրական ընկերության տնօրեններից մեկը: