Անօդաչու թռչող սարքից տեսանկարահանել են Իդլիբի ուղղությամբ ընթացող թուրքական զրահամեքենաների շարասյան տեղաշարժը
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է թուրքական ռազմատեխնիկայի շարասյան տեղաշարժը դեպի սիրիական Իդլիբ նահանգ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, տեսանյութը նկարահանվել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ: Հրապարակված կադրում երևում է, թե ինչպես են 10-ից ավելի զրահամեքենաներ շարժվում ճանապարհի եզրով:
Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նահանգում տիրող իրավիճակը խորացնում են գրոհայինների համար թուրք-սիրիական սահմանով բերվող զենք-զինամթերքը, ինչպես նաև թուրքական զրահատեխնիկայի և զորքերի շարասյուները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ մեղադրել էր Մոսկվային և Դամասկոսին Իդլիբում խաղաղ բնակիչների ուղղությամբ հարվածներ հասցնելու մեջ: Նա նաև սպառնացել էր գրոհել սիրիական կառավարական զորքերը նույնիսկ դեէսկալացիոն գոտու սահմաններից այն կողմ, եթե նրանք հարձակողական գործողություններ կատարեն:










