Ճապոնիայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել

17:21 • 13.02.20

Ճապոնիայում առաջին տեղացի բնակիչն է մահացել կորոնավիրուսից: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը` հղում անելով Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարար Կացունոբու Կատոյին:

Նրա խոսքով` Կանագավայի 80-ամյա բնակչուհին հոսպիտալացվել է մի քանի օր առաջ, այնուհետև մահացել է:

Նշվում է, որ կորոնավիրուսով վարակվածության ախտորոշումը նրան տրվել է արդեն մահվանից հետո:

«Ցանկանում եմ խորին ցավակցություններս հայտնել նրա ընտանիքին»,-ասել է ճապոնացի նախարարը:

Ճապոնիայի առողջապահության նախարարությունը ներկայում պարզում է, թե երբ և որտեղ կարող էր 80-ամյա ճապոնուհին վարակվել կորոնավիրուսով: Ճապոնիայի առողջապահության նախարարը նշել է, որ թույլ իմունային համակարգով տարեց մարդիկ կարող են ավելի արագ վարակվել կորոնավիրուսով, և կոչ է արել ցանկացած ախտանշանի դեպքում դիմել բժշկական օգնության: 

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 250 է:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: