Ո՞վ է ուրանում քաղաքական անցյալը․ ԼՀԿ-ն և «Իմ քայլը» «կոմպրոմատային» արշավ են սկսել միմյանց դեմ (լուսանկարներ)
Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, հիշեցրեց նրա անցյալը՝ պնդելով, թե նախկին վարչապետերի՝ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ Մարուքյանը խոսելու այլ տոնայնություն ուներ։
«Եկեք նայենք Ձեր բոլոր ելույթները Սերժ Սարգսյանի ներկայությամբ, երբ ինքը նստած է եղել, նայենք Ձեր տոնը, բառապաշարը և համեմատենք հիմիկվա հետ, այո՛, վայելեք այդ ազատությունը, որ հեղափոխությունը ձեզ բերել է, բայց գոնե ընդունեք դա: Ասենք Դուք կարայի՞ք Սերժ Սարգսյանի և որևէ վարչապետի ներկայությամբ այդպես խոսել, Ձեր խոսակցության տոնայնությունը այն ժամանակ և հիմա: Ես հասկանում եմ, կարող է այդ աթոռից է, որին Դուք նստած եք, տենց ոգեշնչում է առաջանում»,-ասել էր նա:
Էդմոն Մարուքյանը, ի պատասխան, հիշեցրել էր իր ելույթները Սերժ Սարգսյանի մոտ՝ նշելով, որ իշխանության գալուց հետո Փաշինյանի հիշողությունը թուլացել է։
Սրան ի պատասխան ֆեյսբուքյան իր էջում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել էր Սերժ Սարգսյանի հետ Էդմոն Մարուքյանի լուսանկարը և կից գրառում էր կատարել․ «Երբեք չես կարող արձագանքել, որովհետև ասելիք չունես, երբեք չես կարող արձագանքել` ուղեղի սրություն չունես, չես արձագանքի, որովհետև այդքան ազատ չես, չես կարող արձագանքել, քանզի քեզ արդեն հիմա է շատ ծանր, երբեք չես կարող արձագանքել, որովհետև դու իմ քաղաքական թիմի կեսի կեսի ոչ դուխն ունես, ոչ` ազնվությունը: Ուստի լռիր, բալքիմ մոռանանք, անցնի, գնա»:
Այսօր արդեն Ալեն Սիմոնյանին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը հրապարակել է Ալեն Սիմոնյանի սելֆին՝ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի ֆոնին։
Լուսանկարին կից՝ Դավիթ Խաժակյանը գրել է․
«Երեկ առաջին անգամ Ալեն Սիմոնյանը իր դեմքով (ոչ ֆեյքով) տարածեց Էդմոն Մարուքյանի ու Սերժ Սարգսյանի հայտնի և լուսաբանված հանդիպման նկարը որպես մեծ կոմպրոմատ ընդդեմ Մարուքյանի:
Բայց ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, շատ լավ իմանալով այդ «կոմպրոմատային» իրադարձության և լուսանկարի մասին, ոչ վաղ անցյալում իր մյուս գործընկերների հետ միասին փակ գաղտնի քվեարկությամբ ԵԼՔ դաշինքի առաջին համար ընտրեց Էդմոն Մարուքյանին։ Սա սեփական ինքնության հետ չհաշտվելու և քաղաքական անցյալն ուրանալու ցցուն դեպք է:
Թեպետ հասկանալի է, որ Ալենը ավելին չի կարող առաջարկել Փաշինյանին Մարուքյանի հետ բանավեճում։ Նրա ծառայությունները սահմանափակվում են այսքանով։
Ես կրկին ցավով եմ արձանագրում, որ որպես ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար չեմ կարողացել Ալենի մեջ սերմանել հետևողականությունը սեփական անցած ճանապարհի նկատմամբ, որը եթե ստացվեր, գուցե ՔՊ վարչությունն իրեն կընտրեր որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։ Երբեմնի գործընկերոջս վրա այդ էջը ունեցել է իր ազդեցությունը, որի հետևանքները տեսնում ենք այս օրերին։
Հ.Գ. Մեկնաբանություններում կարող եք դիտել այն տեսանյութը, որից րոպեներ առաջ Ալենը, ով լայն ժպիտով սելֆի է անում Մարուքյանի հետ, ընտրել է Մարուքյանին որպես ԵԼՔ դաշինքի առաջին համար»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ևս անդրադարձել է վերջին իրադարձություններին ու գրառում կատարել՝ պատմելով, թե 7-րդ գումարման ԱԺ-ի կազմավորումից հետո Ալեն Սիմոնյանն իրենց ինչ է խնդրել։
Նա հրապարակել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ Ալեն Սիմոնյանի լուսանկարը։
«Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին, մի բան հիշեցի։ Երբ 7-րդ գումարման Ազգային Ժողովը նոր էր կազմավորվել, Ալեն Սիմոնյանը եկել էր մեր խմբակցություն և Էդմոն Մարուքյանին խնդրում էր, որ իշխանություններից ում ուզում ենք քննադատենք միայն թե Վանեցյանին չկպնենք, այլապես ինքն անձամբ է ստիպված լինելու պատասխանել մեզ:
Բնականաբար, Մարուքյանը նրան ուղարկեց հեռու հեռուներ։
Երբ այսքանից հետո, Սիմոնյանը խստորեն քննադատում է Վանեցյանին, արդեն կարող ենք չզարմանալ, որ նա հաճախակի է մոռանում և ուրանում է իր անցած ճանապարհը։
Այսպիսով փաստում ենք, որ պարոն Սիմոնյանի համար սովորական է երբեմնի ընկերներին սևացնելով և զրպարտելով, շեֆերի մոտ ամրապնդել իր դիրքերը»,-գրել է Գևորգ Գորգիսյանը։










