Ճապոնիայի ջրերում գտնվող կրուիզային նավի վրա նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 200-ից
Ճապոնիայի ջրերում գտնվող Diamond Princess նավի վրա նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 44-ով և հասել 218-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով երկրի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Կացունոբու Կատոյի տարածած հայտարարությանը:
Իշխանությունները որոշում են կայացրել նավից իջեցնել ծեր ուղևորներին, մնացած բոլորը կմնան այնտեղ մինչև կարանտինի ավարտը: Նախապես կրուիզային նավի վրա կարանտին է հայտարարվել մինչև փետրվարի 19-ը, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարաձգվել: Կատոյի խոսքով` 44 վարակվածներից 43-ը ուղևոր են, մեկը` անձնակազմի անդամ:
Նոր կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդի հայտնաբերումից հետո Diamond Princess կրուիզային նավը Յոկոհամայի նավահանգստում կարանտինային գոտի է տեղափոխվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նավի վրա ընդհանուր առմամբ գտնվում է 3700 ուղևոր և անձնակազմի անդամ: Ավելի վաղ հայտնի էր դարձել նավում մոտ 130 հոգու վարակված լինելու մասին:
Փետրվարի 12-ին կորոնավիրուսով վարակվածների թիվը Diamond Princess կրուիզային նավի վրա հասել էր 175-ի:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Սումիա Շվամինաթանը հայտնել էր, որ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը մարդկանց վրա կփորձարկեն 3-4 ամիս հետո:










