Առողջապահության նախարարությունը օրենք է արտագրել Ավստրալիայից, չեմ կարծում, որ թիվ մեկ հարկատուի հանդեպ սա ճիշտ վերաբերմունք է. Գուրգեն Բաղդասարյան
Այս նախագծին պետք է դեմ քվեարկել այն բանի համար, որ խախտվել է քաղաքական պայմանավորվածությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցին:
«Երեք խմբակցությունները գալիս են այս ամբիոնից մեկ բան են պայմանավորվում և գիշերը օրենքը փոխում, հաջորդ օրը բերում են հանձնաժողովի նիստին՝ խոստումը չկատարած, որը կարծում եմ, որ շատ վատ երևույթ է, զուտ դրա համար դեմ պետք է քվեարկել այս նախագծին»,-ասաց նա:
Գուրգեն Բաղդասարյանը հարց բարձրացրեց, թե ինչ մեսիջ են մղում թիվ մեկ հարկատուներին և մյուս կազմակերպություններին այս նախագծով: «Առողջապահության նախարարությունը օրենք է արտագրել Ավստրալիայից, որ տուփերը պետք է սպիտակեն, բայց հաշվի չի առել, որ Ավստրալիայում տեղական ընկերությունը չի գրավում շուկայի 50 և ավելի տոկոս մասնաբաժինը: Այսինքն` մենք ինչ մեսիջ ենք ուղարկում «Գրանդ Տոբակոյին» և «Սիգարոնին», ասում ենք ձեզ՝ երեք տարի հետո դուրս ենք հանելու տրանսազգային կորպորացիաների հետ մրցակցությունից, կարծում եմ, որ պատկերացնում եք՝ ինչ եմ ասում, քանի որ այնտեղ կա շատ քողարկված գովազդներ՝ նույն «Ֆիլիպ Մորիսը», «Դավիդովը», նույն «Ջեյ Թի Այ»-ը: Հիմա ուզում եմ բոլորիդ հարց տալ, սենց բան Ամերիկան «Ֆիլիպ Մորիսի» հանդեպ անո՞ւմ է, կամ Գերմանիան «Դավիդովի» հանդեպ»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, որ չի անում:
«Հիմա ասում ենք, որ դիզայնը հանում ենք, բայց մոռանում ենք, որ երկու տարի առաջ ամեն օր լուրերն էինք կարդում հայտնի դատի վերաբերյալ, որ դատի էին տվել «Արարատի» տուփի համար»,-ասաց նա և նշեց, որ մարդիկ դատական գործ են շահել, դիզայն են որոշել, ծախս են արել:
«Հիմա պետք է ասել՝ ԵԱՏՄ շուկայում այդ օրենքը չկա, գնացեք, ինչքան կարող եք, շուկան գրավեք: Չեմ կարծում, որ թիվ մեկ հարկատուի հանդեպ սա ճիշտ վերաբերմունք է: Աշխարհում ընդունված նորմ է՝ ծխախոտի քիչ սպառումը կոռելյացիոն կապ ունի օրական տնօրինելի եկամուտների հետ, դա գրված է Համաշխարհային բանկի զեկույցում, դա գրված է նաև ձեր սիրած առողջապահության համաշխարհային կառույցի զեկույցում, դրա համար պետք է մարդկանց հարստացնել և ոչ թե գան, ամեն մի երկրից օրենք արտագրեն վերևը լայք հավաքելու համար ինչ-որ մի կազմակերպության մոտ և այս օրենքը բերեն մեր պես փոքր երկրներ, որոնց թիվ մեկ հարկատուն հենց ծխախոտագործն է»,-ասաց նա:
Պատգամավորը հիշեցրեց, որ իննսունական թվերին, երբ ՀՀՇ-ն եկավ իշխանության, առաջինը ասում էր՝ փակենք «Նաիրիտը», բոլորիս թունավորում է: «Փակվեց Նաիրիտը, հետո ի՞նչ եղավ, բոլորդ գիտեք: Հիմա այս մեսիջը ուղղում ենք մեր արդյունաբերողներին, կարծում եմ, որ ժամանակ կա քաղաքական պայմանավորվածությունը ուժի մեջ պահելու, որը այս ամբիոնից հնչեցվել է ճիշտ որոշում կայացնելու համար»,-ասաց նա:










