Սթափվե՛ք քանի շատ ուշ չէ և անձնական ամբիցիաները մի՛ դարձրեք մարդկանց համար դատավճիռ. Սոֆյա Հովսեփյանը՝ առողջապահության փոխնախարարին (տեսանյութ)

15:24 • 13.02.20

Շատ կարևոր նախագիծ է քննարկվում, այս նախագիծը որքան շատ սպասված է շատերի կողմից, այդքան էլ սպասված չէ այն մարդկանց կողմից, որոնք ծխում են և գտնում են, որ իրենց իրավունքները կարող են այս նախագծով ոտնահարվել: Այս մասին ԱԺ-ում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման» մասին օրենքի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Պատգամավորը նշեց, որ այն մարդկանցից է, որը կողմ է այս օրենքի խստագույն կիրառմանը, սակայն նշեց, որ այդ օրենքի մասին չի ուզում խոսել։

Նա խոսքն ուղղեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին: «Ուզում եմ խոսել երկու պարադոքսալ մոտեցման մասին: Տիկին Նանուշյանը խոսում է առողջության, առողջության պահպանման, ծխելու վնասակարության մասին: Դրա մասին բոլորս գիտենք և որևէ մեկը չի կասկածում, որ Առողջապահության նախարարությունը պետք է առավելագույն շահ ունենա մարդու առողջության պահպանման համար: Բայց միևնույն ժամանակ գործողություններ և քայլեր են լինում, որն անմիջապես արծարծվում է, հենց տիկին Նանուշյանի հետ, որով էլ առողջությունը մղվում է ոչ թե առաջին, երկրորդ պլան, այլ առհասարակ մղվում է, որովհետև կան անձնական ամբիցիաներ»,- ասաց նա:

Նա նշեց, որ խոսքը վերաբերում է ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի միացմանը Նորքի ինֆեկցիոն կենտրոնին: «Տիկին Նանուշյան, դա կապված է ուղիղ Ձեր անվան և գործունեության հետ: Ամեն օր այդ մարդիկ՝ թե՛ աշխատակազմը, թե՛ ՄԻԱՎ վարակակիրներն անընդհատ կոչով են հանդես գալիս, որ ընդունեք, թե՛ Դուք, թե՛ նախարարը և քննարկեք իրենց հետ իրենց խնդիրները»,- ասաց նա:

Սոֆյա Հովսեփյանն այնուհետև անդրադարձավ Նանուշյանի մի քանի օր առաջ արված ֆեյսբուքյան գրառմանը: «Մի քանի օր առաջ գրառում եք արել, որ այն մարդիկ, որոնք երբեք իրենց կյանքում չեն հանդիպել ՄԻԱՎ վարակակիրների, թող չխոսեն, գնան տեսնեն իրենց խնդիրները: Մի քանի օր առաջ ես եմ խոսել. հիասթափեցնեմ ձեզ, որ ոչ միայն հանդիպել եմ, այլ որպես հոգեբան աշխատել եմ այդ մարդկանց հետ և պատկերացնում եմ, թե ինչը կարող է որպես ռիսկ լինել, ուստի Ձեր մոտեցումներն արդեն աղետալի են»,- նշեց նա:

Հովսեփյանը նշեց, որ խոսել ԱԺ ամբիոնից առողջության պահպանման մասին և մեկ այլ ոլորտում գործել հակառակ տրամաբանությամբ, զարմանալի է: «Արդյոք մտածվում է նաև այս քայլերի մասին, եկե՛ք բոլորս խոսենք և գործենք հանուն առողջության: Շատ ուրախ կլինեմ, որ բոլոր ոլորտներում, քայլերում, հնարավոր մոտեցումներում հարգվի յուրաքանչյուր քաղաքացու իրավունք, որովհետև այս պահին խստագույնս վտանգված է  ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքները: Եթե այդ կենտրոնը տանում եք պոլիկլինիկ ծառայության մեջ, ապա ուղղակի դատապարտում ենք այս մարդկանց: Սթափվե՛ք քանի շատ ուշ չէ և անձնական ամբիցիաները մի՛ դարձրեք մարդկանց համար դատավճիռ»,- ասաց նա:


Մանրամասները՝ տեսանյութում: