Քարկոծում և վիճաբանություն. հրապարակվել են Սիրիայում ԱՄՆ զինծառայողների և բնակիչների միջև կոնֆլիկտի այլ տեսանյութեր (տեսանյութեր)

12:18 • 13.02.20

Համացանցում տարածվել են Սիրիայի արևելքում գտնվող Ղամիշլի քաղաքի մերձակայքում ամերիկացի զինծառայողների և տեղի բնակիչների միջև տեղի ունեցած կոնֆլիկտի այլ տեսանյութեր, որոնք հրապարակել են RT Arabic հեռուստաընկերությունը, Kurdistan24 և SANA գործակալությունները: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղամիշլիի մոտակայքում գտնվող անցակետերից մեկում ԱՄՆ զինծառայողների ավտոշարասյունը հրաձգային զինատեսակից արձակված կրակի տակ է ընկել: Միջազգային կոալիցիայի ներկայացուցչի խոսքով` ինքնապաշտպանության նպատակով զինվորները պատասխան կրակ են բացել:

Ըստ սիրիական և թուրքական ԶԼՄ-ների` ԱՄՆ զինծառայողների և տեղի բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Հաղորդվում է նաև, որ կոալիցիայի ռազմական ինքնաթիռները հետագայում առնվազն մեկ ավիահարված են հասցրել: 

Kurdistan24-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են տեղի բնակիչները քարկոծում դեպքի վայրը լքող ամերիկյան զորքերի շարասյունը: Կադրերում, ենթադրաբար, ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող մի ինքնաթիռ է երևում:

SANA գոծակալության հրապարակած տեսանյութում էլ երևում է, թե ինչպես է տեղացի բնակիչներից մեկը ճմռթած ամերիկյան դրոշը ձեռքին վիճում երեք ամերիկացի զինծառայողի հետ: