Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն Սիրիայի կառավարական բանակի 55 զինծառայողի է սպանել

10:00 • 13.02.20

Սիրիայի հյուսիսում` Իդլիբի անվտանգության գոտում, Թուրքիայի զինված ուժերը սպանել են Սիրիայի բանակի 55 զինծառայողի: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը:

«Վերջին տվյալների համաձայն, որոնք ստացվել են Իդլիբի շրջանի տարբեր աղբյուրներից, այսօրվա (փետրվարի 12) դրությամբ վերացվել է ռեժիմի բանակի 55 տարր»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո Սիրիայի հյուսիս-արևելքում պետք է իրականացվեր ռուս-թուրքական համատեղ պարեկություն:

Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունը: