Նիդեռլանդական ընկերության գրասենյակ կրկին պայթուցիկով նամակ է ուղարկվել

16:33 • 13.02.20

Փետրվարի 13-ին Նիդեռլանդների ոստիկանությունը վնասազերծել է Լյոսդեն քաղաքում Unisys ընկերության գրասենյակ ուղարկված պայթուցիկով նամակը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Ուտրեխտ նահանգի ոստիկանությանը:

«Մասնագետները հաստատում են, որ նամակը պայթուցիկով է եղել: Նյութն ապաակտիվացվել է և ուղարկվել է փորձաքննության: Հնարավոր է, որ կապ կա պայթուցիկներով նախորդ նամակների հետ»,-հայտարարել է ոստիկանությունը:

Այս դեպքի հետաքննությամբ զբաղվում է Ամստերդամի ոստիկանությունը:

Անվտանգության նկատառումներով նամակը հայտնաբերելուց հետո դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայությունն ու շտապօգնությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 12-ին Ամստերդամի փոստային ընկերության գրասենյակում երկու պայթյուն է տեղի ունեցել` ենթադրաբար նամակում տեղադրված պայթուցիկի պատճառով: