Թուրքիան հրետանային սարքավորումներ և տանկեր է տեղափոխել Սիրիայի հետ սահմանի մոտ

23:32 • 13.02.20

Թուրքական բանակի հրամանատարությունը հարստացնում է իր ռազմական ներուժը Սիրիայի հետ սահմանին, ուր տեղափոխել է տանկերի և Fırtına ինքնագնաց հրետանային սարքավորումների հերթական շարասյունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական ռազմական աղբյուրներին:

Ինչպես նշվում է, Թուրքիայի տարբեր զորամասերից բերված ռազմատեխնիկան հասել է Գազիանթեփ նահանգ, որտեղից էլ շարժել է թուրքական Հաթայ նահանգի կողմը: Ռազմատեխնիկան ուղարկվում է Սիրիայի հետ սահմանային շրջան՝ տեղի դիրքերն ուժեղացնելու համար:

Երկուշաբթի օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հինգ թուրք զինվորական է մահացել Իդլիբում իրենց դիտակետերի հրետակոծման հետևանքով, որը թուրքական կողմի խոսքով իրականացվել է սիրիական կառավարական բանակի կողմից: Դրան ի պատասխան թուրքական ուժերը հարված են հասցրել կառավարական բանակի 115 նպատակակետերի ուղղությամբ՝ 101 սիրիացի զինվորի «չեզոքացնելով»: