ԱՄՆ-ն ծրագրում է զարգացնել «ժողովրդավարության մշակույթը» Հայաստանում. RT
ԱՄՆ պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարաբերությունների բյուրոն ծրագրում է 640 000 դոլար տրամադրել Հայաստանում «ժողովրդավարության մշակույթի» զարգացման համար: Այս մասին տեղեկացնում է ռուսական RT կայքը` հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած փաստաթղթերին:
Տեքստում, որին ծանոթացել է RT-ն, ասված է, որ ամերիկյան կողմից ստացված միջոցներն ուղղվելու են «բացասական ազդեցության» նկատմամբ Հայաստանի բնակչության կայունության բարձրացմանը:
«Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարաբերությունների բյուրոյի նպատակն է, աջակցելով Հայաստանի քաղաքացիական հասարակության ջանքերին «բացասական ազդեցության» նկատմամբ պայքարում, զարգացնել ժողովրդավարության մակարդակը: Այս նախագծի նպատակն է զարգացնել քաղաքացիական հասարակության կարողությունը Հայաստանում ապատեղեկատվություն հայտնաբերելու, դրա տարածումը կանխելու և դրա ազդեցությունը մեղմելու համար», - ասված է փաստաթղթում:
Բացի այդ, տեքստում ասված է, որ ծրագրի կետերից մեկը կարող է դառնալ տեղի ԶԼՄ-ների մոնիթորինգը` իրականությանը չհամապատասխանող տվյալները ջրի երես հանելու համար:
Ծրագրի շրջանակում մասնագետները կարող են զբաղվել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին տեղեկատվական անվտանգության հիմունքներ սովորեցնելով, որպեսզի նրանք էլ իրենց հերթին «կարողանան իրենց պաշտպանել համացանցային հարձակումներից»: Ենթադրվում է նաև, որ ծրագիրն ուղղված կլինի «ապատեղեկատվության վերաբերյալ հայ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և դրա դեմ պայքարում առկա գործիքներին»:
Ծրագրին կարող են մասնակցել ինչպես ամերիկյան, այնպես էլ արտասահմանյան ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպություններ, ինչպես նաև մասնավոր կամ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ: Նշվում է, որ որոշ դեպքերում առևտրային կազմակերպություններն ավելի են համապատասխանում ներկայացված պահանջներին:










