Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը (տեսանյութ)

13:53 • 14.02.20

15։30

Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը: Այսօրվա դատական նիստի մեկնարկին պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Միջնորդությունը քննելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո՝ դատավոր Դավիթ Բալայանը հայտնեց միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը. «Դատարանը, քննելով միջնորդությունը, որոշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ. դատարանը հարկ է համարում արձանագրել, որ անկախ այն հանգամանքից, թե քննչական, որ մարմնում է իրականացվում նախաքննությունը, միևնույն է՝ դատավարական հսկողությունն իրականացնող մարմինը դատախազությունն է»-ասաց դատավոր Բալայանը:

13:53

Տեղի է ունենում Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատական նիստը։  Այս գործով ամբատսնյալի կարգավիճակում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և նրա ընկեր Տարոն Ավետիսյան, ով «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավարն է:

Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին։

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝  Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու, հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Ադյանը Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019 թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը և հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս և նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ և տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն։