«Ինձ ապօրինի կերպով ձերբակալեցին և մերկ վիճակով խուզարկեցին». թուրքահայ իրավապաշտպան

19:45 • 14.02.20

Թուրքիայում իշխանությունների սուր քննադատություններով հայտնի հայազգի իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Twitter-ի իր էջում պատմել է, որ թուրք իրավապահներն իր նկատմամբ ապօրինի և անհարգալից գործողություններ են կատարել:

«Նախ ինձ ապօրինի կերպով ձերբակալեցին: Ապա մերկ վիճակով խուզարկեցին: Վերջին 3 տարիների ընթացքում տասնյակ հազարավոր կանանց այսպես նվաստացում են` խուզարկելով մերկ վիճակով: Այսպիսի կամայականություններին պետք է վերջ դրվի հնարավորինս շուտ»,- գրել է Ավազյանը:

Գրառմանը կից հայազգի իրավապաշտպանը նաև տեսանյութ է տեղադրել, որտեղ ասում է. «Իմ մարմինն ինձ է պատկանում և ինձ կարող է դիպչել միայն նա, ում ես թույլ կտամ: Ինձ մերկ կարող է տեսնել միայն նա, ում ես թույլ կտամ»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայում իր ընդդիմադիր հայացքներով հայտնի հայազգի իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք: