Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում լքված երեխաների մայրը նրանց իր խնամակալության տակ է առել
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում հոր կողմից լքված երեխաների մայրը նրանց իր խնամակալության տակ է վերցրել: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել են ՌԴ Խաբարովսկի երկրամասի կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից:
Այժմ երեխաներից կրտսերը հաճախում է մանկապարտեզ, ավագը` դպրոց: Ուսումնական հաստատություններում անհրաժեշտության դեպքում նրանց հետ հոգեբաններ են աշխատում: Ինչպես նաև սոցիալական ապահովության նախարարությունը քննարկում է երեխաների համար ամռանն անվճար վերականգնողական կուրսի ապահովման հարցը:
Երեխաներին օդանավակայանում լքած Վիկտոր Գավրիլովն օրեր անց մեղայականով ներկայացել է Ռոստովի մարզի Բատայսկ քաղաքի քննիչներին: Հարցաքննությունից հետո կրկին ներկայանալու պայմանով նրան ազատ են արձակել:
Նա կասկածվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 125-րդ («Վտանգի մեջ թողնել»), 117-րդ («Խոշտանգում») և 158-րդ («Գողություն») հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման համար: Քննության վարկածով` Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում գտնվելու ժամանակ նա ֆիզիկական ուժ է կիրառել կնոջ և երեխաների նկատմամբ, ծանոթ կնոջից գումար է գողացել, այնուհետև երեխաներին լքել օդանավակայանում:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի աշխատակիցներն առանց ծնողների ուղեկցության երկու երեխայի էին նկատել, որոնց, ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, Խաբարովսկի երկրամասից Մոսկվա ժամանելուց հետո լքել է հայրը:
Աշխատակիցների խոսքով` 6 և 9-ամյա տղաների պայուսակում երկուսի ծննդյան վկայականներն ու մի գրություն են գտել, ըստ որի` հայրը գումար չունենալու պատճառով է լքել երեխաներին և խոստացել է ավելի ուշ մանկատնից վերցնել նրանց: Ավելի ուշ հայրը հրապարակավ ներողություն է խնդրել արարքի համար:










