«Ուրվական քաղաք». Լոնդոնի «Չայնա թաուն» թաղամասն ամայացել է կորոնավիրուսի պատճառով (լուսանկարներ, տեսանյութ)
Լոնդոնում «Չայնա թաուն» անվանումով հայտնի տեսարժան վայրն ամայացել է Մեծ Բրիտանիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման իններորդ դեպքի մասին հայտարարությունից հետո, հայտնում է Daily Mail պարբերականը:
Թաղամասի` սովորաբար մարդաշատ փողոցներն ու ռեստորաններն այս օրերին դատարկ են, ինչն անմիջականորեն կապված է մարդկանց` Չինաստանում մեծ տարածում գտած վիրուսով չվարակվելու վախի հետ:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի ստուգում ընդհանուր 2512 մարդ է անցել: Վարակման դեռևս վերջին` իններորդ դեպքը Չինաստանից ժամանած մի կին զբոսաշրջիկի մոտ է գրանցվել, որն այժմ բուժում է ստանում լոնդոնյան հիվանդանոցներից մեկում:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 63,8 հազարը, մահացել է 1380 մարդ, Չինաստանի սահմաններից դուրս վարակվել է 505 մարդ:
















